«Ազատություն»-ը հյուրընկալել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։
«Ազատություն». – Դուք մասնակցելո՞ւ եք «Այո»-ի քարոզարշավին։
Գրիգորյան. – Բնականաբար, այս կամ այն ձևով մասնակցություն ունենալու եմ, որովհետև «Այո»-ի քարոզարշավը դա նաև հեղափոխական գործընթացի շարունակությունն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ հեղափոխությունը դեկտեմբերի ընտրություններով ֆիքսել ենք, բայց կան խոչընդոտներ, որոնք մեզ թույլ չեն տալիս, որպեսզի կարողանանք ավելի ինտենսիվ և արագ բարեփոխումների և ժողովրդավարացման օրակարգը առաջ տանել։ Եվ այստեղ ես տեսնում եմ, որ իմ դերակատարությունը ունենալու եմ։
«Ազատություն». – Խորհրդարանական ուժերը, նախկին իշխանությունները բոյկոտում են, որովհետև համարում են սա հակասահմանադրական քայլ։
Գրիգորյան. – Սա ընդհանուր առմամբ «Ոչ»-ին աջակցելու տակտիկա է, որ նրանք կիրառում են։ Բնականաբար ոչ մեկ «Ոչ»-ի շտաբ չի ստեղծում, որպեսզի չհստակեցվի, հնարավորինս լղոզված լինի այդ «Ոչ»-ը։ Որովհետև իրենք էլ հասկանում են, որ այս իշխանությունը ունի հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը, և այդ ճնշող մեծամասնության աջակցության պայմաններում «Ոչ»-ի շտաբ ունենալը դժվար է։
«Ազատություն». – Դուք ասացիք «լղոզված»։ Այնուամենայնիվ, մի խումբ իրավաբաններ ձևավորել են «Ոչ»-ի շտաբ։ Ի՞նչ է նշանակում «լղոզված», էլի նախկինների՞ն եք տեսնում հետևում։
Գրիգորյան. – Ընդդիմադիրների համար ես սա նշեցի։ Իսկ այդ մարդիկ, ովքեր որ ստեղծել են «Ոչ»-ի շտաբը, եթե նայեք կենսագրությանը և իրենց կատարած աշխատանքներին, մի մասը, ով ակտիվ հանդես է գալիս, ամբողջովին ասոցացված է նախկին իշխանության հետ։ Երբ որ ասում են հակասահմանադրական, նրանք չեն նշում մի կետ, որով դա հակասահմանադրական է։ Ամբողջովին օրենքի տառին համապատասխան գործողություններ են կատարվել, այդտեղ որևիցե քննարկում չկա։ Պարզապես օդում ասուն են, որ սա հակասահմանադրական է։
«Ազատություն». – Վենետիկ չի դիմել իշխանությունը...
Գրիգորյան. – Վենետիկի հանձնաժողովը այս Սահմանադրության դրական կարծիք է տվել 2015 թվականին։ Ես, լինելով այդ ժամանակ «Ոչ»-ի շտաբում, բազմաթիվ անգամ մեր նախաձեռնությունը բարձրաձայնել է, որ Վենետիկի հանձնաժողովը մի սահմանադրական փոփոխությունների է կանաչ լույս տալիս, որով փորձ է կատարվելու Հայաստանում իշխանության վերարտադրության։ Եվ երբ որ մենք այս հարցը բարձրացնում էինք, Վենետիկի հանձնաժողովը մեզ ասում էր, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթում չկա նշված, որ Հայաստանում վերարտադրություն է լինելու, մենք միայն տեսքստն ենք նայում։ Ու ողջամիտ կասկածներ ունեինք, որ այս սահմանադրական փոփոխությունները, որը Սերժ Սարգսյանը կազմակերպում է, որը վերարտադրություն է, Վենետիկի հանձնաժողովը, կանաչ լույս տալով, որոշակի շահագրգռվածություն ունի։ Եվ մեզ համար այդ շահագրգռվածությունը միանշանակ քաղաքական չէր։
«Ազատություն». – Կա նաև մտավախություն, այդ թվում «Այո»-ի աջակիցների շրջանում, որ 650 հազար կողմ ձայն հավաքելը, ապահովելը բարդ է լինելու։
Գրիգորյան. – Ցանկացած ընտրական գործընթաց իր բնույթով բարդ է, և մանավանդ 650 հազարը։ Բայց ես համոզված եմ, հանրությունում կա հստակ աջակցություն այս գործընթացին։ Համոզված եմ, որ ավել է լինելու, և դա ապահովելը դժվար չի լինելու։
«Ազատություն». – Հրայր Թովմասյանն ասում է, որ իր կռիվը անկախ դատական համակարգի համար է, որ գուցե հենց այս ճանապարհով Սահմանադրական դատարանը իր անկախությունը կպահպանի կամ նվաճի։
Գրիգորյան. – Նա կռիվ է տվել սահմանադրական փոփոխությունների համար 2015 թվականին, որպեսզի այս Սահմանադրությունով իր շեֆը վերարտադրվի, որպեսզի վերարտադրվելու դեպքում էլ իր մասնաբաժինը ունենա։ Սահմանադրական փոփոխություններից ամեն մեկը իրա փայն ա ունեցել. մարդ ա էղել, 50 տոկոսն ա դրա ունեցել... Ինչպես մեր տնտեսությունն ա փայերով բաժանված էղել, այնպես էլ այդ Սահմանադրությունն են փորձել բաժանել։ Եվ Հրայր Թովմասյանը այդ իր մասնաբաժինը ստանալուց հետո հրահանգ է ստացել, որ իր մասնաբաժինը մինչև վերջ պահի, որպես վերջին մոհիկան մնա խրամատում և այդ խրամատում պայքարի։ Եվ փորձը ցույց է տալու, որ այդ խրամատում պայքարը անիմաստ է։ Եվ Հրայր Թովմասյանը եթե ունենար գոնե մի քիչ սկզբունքայնություն, ապա նա պետք է ավելի շուտ գնար, որպեսզի մենք չհասցնեինք սրան, որպեսզի հանրությունը ևս մեկ անգամ չմերժի նրանց։
«Ազատություն». – Կա՞ Ռոբերտ Քոչարյանի գործոնը այս պատմության մեջ... նրանք հիշեցնում են, որ սպասում են Արևմուտքից Մարտի 1-ի գործով պատասխանների, և դուք ուղղակի կանխում եք, որ Սահմանադրական դատարանը ազատ չարձակի Քոչարյանին։
Գրիգորյան. – Մենք ուզում ենք ազատ դատարան։ Ազատ դատարանը, երբ մենք ասում ենք, որ շահագրգռված ենք դրանով, և զանգային կամ զանգով արդարադատության էջը մենք Հայաստանում փակել ենք, պարզվեց, որ կան մարդիկ, ովքեր շարունակում են զանգել։ Որովհետև կոռումպացված մարդկանց երբ որ իշխանությունը չի զանգում, հայտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են նրանց փող տրամադրեն, որ էդ մարդիկ էդ զանգերով որոշումներ կայացնեն։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.