Այսուհետ 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով

Այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով։ Այս մասին տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության մամուլի կենտրոնը։

Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում նշել է. «Կառավարությունը սպորտի նկատմամբ իր ընկալումն ու վերաբերմունքը պետք է փոխի: Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ իմ առաջարկությամբ ներառվել է կետ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, շախմատից նվաճի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և Ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ սպորտային ձեռքբերումները փոխկապակցված են ոչ միայն պետության սոցիալ-հոգեբանական, այլ նաև տնտեսական վիճակի բարելավման հետ:

Կառավարության որոշմամբ պարգևատրվելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը, Ռուբեն Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը։

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ պրոֆեսիոնալ մարզիկներին խրախուսելու նպատակով պետությունը այլ քայլեր ևս նախաձեռնել է: Մասնավորապես օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող յուրաքանչյուր մարզիկ կստանա 20 մլն դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանվել է համապատասխանաբար 15 մլն և 10 մլն դրամ: Բացի այդ` բարձրացվել է նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին ցմահ տրվող ամենամսյա պատվովճարների չափը: Մասնավորապես օլիմպիական չեմպիոնների ամենամսյա պատվովճարը կկրկնապատկվի` դառնալով 200 հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար` 140 հազար և 100 հազար դրամ, իսկ աշխարհի չեմպիոններն այսուհետ ամեն ամիս կստանան 100 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն:

Պարգևատրման արարողությունը նախատեսվում է անցկացնել փետրվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում: