Հայաստանում կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող նոր գերատեսչություն

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարարության մշակած նախագիծն արդեն մեկ ամսից Ազգային ժողովում կլինի։ Մինչ այդ նախարարությունում հանրային քննարկումից հետո շտկումների փուլ է։ Նոր կառույցը կկոչվի Հակակոռուպցիոն կոմիտե։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ Հակակոռուցպիոն կոմիտեն ստեղծվելուց հետո քննելու է միայն նոր քրեական գործեր։

Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության որոշ գործառույթներ կտրվեն ձևավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին։ Սակայն, ինչպես ասաց Գալյանը, Քննչական կոմիտեն ու Հատուկ քննչական ծառայությունը որոշ ժամանակով կպահպանեն կոռուպցիոն բնույթի գործեր քննելու հնարավորությունը. - «Սկզբնական շրջանում հնարավորություն ստեղծենք նոր ստեղծվող մարմնի համար նորմալ գործելու։ Այսինքն միանգամից չծանրաբեռնենք նրան բոլոր տեսակի կոռուպցիոն բնույթի գործերով և չպարալիզացնենք նոր ստեղծվող մարմնի աշխատանքը»։

Օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկություններ են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինթենեշնլը»։ Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասում է՝ առաջարկների թվում է նաև խորհրդարանական վերահսկողության ավելացումը, մասնավորապես՝ կոմիտեի նախագահին անվստահություն հայտնելու հնարավորությունը. - «Ներկայացված նախագծով Ազգային ժողովը վերահսկողական լիազորություններ կամ լծակներ չի ունենալու։ Իհարկե, այստեղ կա նաև սահմանադրականության հետ կապված խնդիր, բայց մեր առաջարկը միտված է նրան, որ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը՝ այս հարցը պետք է բարձրացվի»։

Արդարադատության նախարարությունից ասում են, որ առաջարկները կքննարկեն, իսկ մինչ այդ մտածում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատանք ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ։

Ձևավորվելիք կոմիտեի նախագահի ընտրությունը, ըստ փոխնախարարի, թափանցիկ է լինելու։ Թեկնածուներին ընտրելու են Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. - «Միայն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը կամ անձինք՝ եթե լինեն առավելագույն միավորներ հավաքած անձինք, ներկայացվելու են վարչապետին՝ նշանակման»։

Սա խնդրահարույց են համարում Իրավաբանների հայկական ասոցիացիայում։ «Այս պայմաններում չենք պնդում Ազգային ժողովի կողմից [Հակակոռուպցիոն կոմիտեի] նախագահի նշանակման հնարավորությունը, բայց մենք առաջարկում ենք, որպեսզի վարչապետը հայեցողական լիազորություններ չունենա», - ասաց ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Նա կարծում է, որ վարչապետի ընտրությամբ անկախության սկզբունքն է խախտվում. - «Հնարարով է երեք թեկնածու մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթող, այդ դեպքում ի՞նչ արժանիքների վրա պետք է վարչապետը որոշի մեկին և ոչ ե երկուսին, ինչու երկուսին և ոչ թե երեքին։ Այստեղ, բնականաբար, հարց է առաջանալու և այդ հարցը իրավամբ է առաջանալու՝ ի՞նչ լրացուցիչ չափանիշների հիման վրա է լինելու։ Բնականաբար հայեցողական է լինելու, և վարչապետը ներքին համոզմամբ կամ գուցե այլ գործոններով պայմանավորված է որոշելու»։

Նախատեսվում է, որ կոմիտեի ստեղծումից հետո կձևավորվի նաև հակակոռուպցոն դատարան։