Նախագահը ստորագրեց ԶՈՒ երկու պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հրամանագրերը

ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ալեքսան Ալեքսանյանին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի և Արթուր Բաղդասարյանին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոններից ազատելու հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Հիշեցնենք՝ վարչապետի առաջարկները նախագահն ստացել էր երեկ երեկոյան։

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ քննարկման արդյունքում կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ։

2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը, ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, «որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ», մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: