Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը բացահայտելու մասին։
«Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10 հազար դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։
«Կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են կաշառք տալու հանգամանքը», - փոխանցում է ԱԱԾ-ն։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում։