Իրավապաշտպանները ԶՈւ-ում ոչ միայն կադրային փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում

Իրավապաշտպանները Զինված ուժերում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում, հատկապես վերջին մեկուկես ամսվա ընթացքում գրանցված մահվան դեպքերից հետո։

Ժաննա Ալեքսանյանն առաջնային է համարում դրանք սկսել հենց ցածր օղակներից: Իրավապաշտպանը համոզված է՝ ինքնասպանության ու դրան հասցնելու դեպքերի մեծ մասը բանակում տիրող բարքերի հետևանք է:

«Բանակում այս տարիների փորձը ցույց է տվել՝ նախ զորամասերում պետք է իրավիճակը փոխել, պետք է ազատվել կրիմինալ սպայական կազմից, այդ մթնոլորտը պետք է փոխել բանակում, առաջին հերթին այս կամքը պետք է դրսևորվի, ես կասեի քաղաքական կամքը, որ ներսում ինչ-որ բան փոխեն, և միայն կադրային փոփոխություններով հարցեր չեն լուծվելու», - հայտարարեց Ալեքսանյանը:

Բանակում մահվան դեպքեր չէին լինի, եթե նախկինում հենց մեղավորները պատժվեին, համոզված է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. - «Ես էլ եմ վստահ, որ նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձինք պիտի լինեն: Ժողովուրդն ասում է՝ տպավորություն է, որ ես խանգարում եմ ստացել այդ պատասխանատվության հողի վրա, իրականում` ոչ. մինչև յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինվոր իր անձնական պատասխանատվությունը, այդ թվում նաև քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգը չտեսնի ու դրա օրինակը չունենա աչքի առաջ, որևէ բան չի փոխվելու: Դա միշտ իմացեք, որովհետև մարդն այդպիսի էակ է, մինչև իրեն ցույց չես տալիս կոնկրետ օրինակ՝ պատասխանատվության ենթարկելու և կոնկրետ հստակ կամք, որ դու էլ ես պատասխանատվության ենթարկվելու, ո՞նց կարող է զորամասում զինվոր զոհվի, ասում են՝ խոշտանգվել է, հետո ինքնասպան է եղել: Բա այդ սպաներից ոչ մեկը չպիտի պատասխանատվության ենթարկվի՞»:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Պերճ Այվազյանը հակադարձում է՝ մեղավորները պատժվում են: Ըստ նրա՝ դա է ցույց տալիս նաև իրենց մշակած վիճակագրությունը. - «Գրանցված դեպքերի 19.1 տոկոսն ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ, համապատասխան մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար, մեղադրական եզրակացությունը հաստատելու համար ուղարկվել են դատախազներին: Նույն թվաքանակով էլ կասեցվել են, նույն տեսակարար կշռով գործեր էլ կասեցվել են: Մի քիչ ավելի շատ են կարճված գործերը: Պնդել, թե զրո արդյունք, թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ: Գործեր ունենք, այս պահին էլ դատաքննություն է ընթանում, դատարանում քննվում են նմանատիպ գործեր: Եվ եկեք չփորձենք նսեմացնել և՛ քննիչի դերը, և՛ իրավապահ մարմինների դերը, և ով որ ընթացքում որոշակի աշխատանքներ է կատարում, նաև քննիչի, որն այդ դեպքից հետո գիշեր-ցերեկ աշխատում է, նույն դիրքերում անքուն գիշերներ անցկացնելով աշխատում են, փորձում որոշակի արդյունքի հասնել», - ասաց ՔԿ ներկայացուցիչը:

Իրավապաշտպաններին չեն գոհացնում կառավարության քայլերը: Հինգշաբթի օրն անձամբ վարչապետի ու ուժային կառույցների ղեկավարների հետ են ցանկանում հանդիպել: Երեկ այդ նպատակով կառավարություն նամակ փոխանցեցին: Գործադիրից դեռ չեն արձագանքել, ասում են՝ նույնիսկ եթե անարձագանք մնա իրենց պահանջը, կհավաքվեն կառավարության առջև: