Փաշինյան. Կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը

Բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ երեկ կառավարությունում տեղի ունեցած քննարկումից հետո «կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ», Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով. - «Հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ»:

Վարչապետի նշած պաշտոնանկությունների մասին դեռևս նախագահական նստավայրից, որտեղ դրանք պետք է հաստատվեն, տեղեկություն չկա։ Ըստ մամուլի հրապարակումների, պաշտոնը կարող են լքել Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը և Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաև Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանը։

Սպասվելիք պաշտոնանկությունները, ըստ խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, հանրային պահանջի հետևանք են. - «Հանրությունը պահանջում է պաշտոնանկություններ՝ լինում են պաշտոնանկություններ։ Բայց գործելաոճի պարագայում ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր պաշտոնանկությունը պատճառաբանվեր, թե ինչն է եղել պատճառը։ Որ ապագա պաշտոնյաների համար էլ դա դաս լիներ, և քաղաքացիները իմանային, թե ինչու է ազատվել»։

Արցախի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, բանակի հրամանատարությունն այս շրջանում լուրջ անելիք ունի խաղաղ պայմաններում զոհերի թիվը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար. - «Մենք տեսնում ենք, որ զոհերի մեծամասնությունը առաջանում է միջանձնային հարաբերություններում տարբեր խնդիրների պատճառով։ Տեսնում ենք, որ վերջին շրջանում այդպիսի դեպքերը շատացել են, ուստի բանակի հրամանատարությունը պետք է դիմի բոլոր անհրաժեշտ գործողություններին, որպեսզի լուծում տա այդ խնդիրներին»։

Ըստ ընդդիմադիրների և իրավապաշտպանների, այս տարվա հունվարից Զինված ուժերում ու Պաշտպանության բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը նման կարճ ժամանակահատվածի համար ցնցող էր։

Ընդ որում, երեկ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո միայն Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ հստակ հայտնելով, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը քանի զոհ է եղել բանակում։ Գրանցվել է մահվան 13 դեպք, որից, ըստ պաշտոնական հաղորդագրության, «4-ը դժբախտ պատահարի հետևանք է, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ, իսկ 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման, 13 զոհերից 7 զինծառայողի մահը գրանցվել է Արցախի պաշտպանության բանակում, 4-ը՝ Հայաստանի զինված ուժերում, երկուսի մահվան հանգամանքների մասին մանրամասներ չկան։

«Տպավորություն կա, որ 16 զոհերը մի պատճառ ունեն զոհվելու։ Մինչդեռ յուրաքանչյուրի դեպքում հարուցվում է քրեական գործ, առանձին քննություն է գնում։ Եվ յուրաքանչյուրի դեպքը առանձին դեպք է, առանձին ուսումնասիրման դեպք է, խորքային հասկանալու, թե ինչն է եղել պատճառը, ինչ հետևանքներ կան, ովքեր են մեղավորները, դրդապատճառը՝ եթե ինքնասպանության դեպք է իրապես։ Բայց մեզանում տպավորություն է, որ մենք որոշում ենք, որ այսքան զոհ կա, և քանի որ այդքան զոհ կա, ուրեմն մի պատճառ ունի», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա կարծիքով, բանակի ուղղությամբ հանրության կողմից մեծ ճնշում կա՝ լինեն դրանք ֆեյսբուքյան մեկնաբանությունների թե մամուլի հրապարակումների տեսքով։

Մարուքյանը անթույլատրելի է համարում խաղաղ պայմաններում զոհերի առկայությունը, սակայն նաև նշում է. - «Ճնշում ասելով՝ ես նկատի ունեմ, որ սպայակազմի վրա մեծ ճնշում է դա դառնում, և սպայակազմը, արդեն առանց այն էլ բանակային կյանքի լարումից, մեր բանակը ըստ էության սառեցված հակամարտություն վարող բանակ է... էդ լարումը մի կողմ, իր հերթին կա, մի հատ լարում ա, որ հանրային մեծ ճնշում կա... Եվ գիտեք, նաև տեսնում եմ, որ շատ մարդիկ, ովքեր անգամ չեն պատկերացնում բանակը ինչ ա, բանակում չեն էլ ծառայել, կամ գոնե տնից մեկին ծառայող չեն ունեցել, բանակի մասին ամեն օր դատողություններ են անում»։

Հարցին, թե արդյոք պաշտոնանկություններն ու նոր նշանակումները բավարար են բանակում տիրող մթնոլորտի բարելավման համար, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. - «Բավարար լինելու ինդիկատոր պետք է լինի հետևյալը. որ ընդհանրապես մենք չունենանք խաղաղ պայմաններում զոհեր։ Պետք է հասնել հնարավոր նվազագույնին և հասնել բացառմանը։ Աշխարհի բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են, բայց պետք է մենք այնպիսի կարգավիճակի բերենք, որ հնարավորինս նման դեպքեր մեզանում չլինեն։ Մեզ Ադրբեջանի սնայպերը հերիք ա, մեզ Ադրբեջանի հարձակումները հերիք ա»։