Երեկ Կառավարությունում քննարկում է տեղի ունեցել այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ: Այդ մասին առավոտյան Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել։ Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք», - գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, երեկ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պարզաբանելով. - «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 զինծառայողների մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»:
Գլխավոր շտաբը վստահեցնում է, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ՝ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար: