Փաշինյան-Ալիև բանավեճը ցույց տվեց` Ադրբեջանը պատրաստ չէ խոսել հայ ժողովրդի հետ, կարծում է Թաթուլ Հակոբյանը

Փաշինյան-Ալիև բանավեճը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խոսել հայ ժողովրդի հետ, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սիվիլնեթ»-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը: Փետրվարի 15-ին, նշենք, Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». - Բաքուն ցանկանո՞ւմ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Թաթուլ Հակոբյան. - Բաքուն չի ցանկանում կարգավորել, Բաքուն ցանկանում է վերադարձ status quo ante-ին, այսինքն՝ 1988 թվականին այն ժամանակներից, երբ կոնֆլիկտը սկսվեց լուծվել, և ի դեպ այս դեբատի մեջ, ըստ էության, մի լավ բան կար, այն էր, որ մենք բոլորս կրկին համոզվեցինք, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ ձևով խոսել հայ ժողովրդի հետ, որևէ ձևով իրավամբ ներգրավվել բանակցային գործընթացում:

«Ազատություն». - Բայց նա բերեց փուլային լուծման մի օրինակ՝ ադրբեջանցիների վերաբնակեցում, հետագայում արդեն կարգավիճակի որոշում և ասաց, որ ռուսական այդ առաջարկից հայերը հրաժարվեցին, բայց մեզ ժամանակին ասվել է, որ Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել:

Թաթուլ Հակոբյան. - Տարբեր ժամանակներում տարբեր կողմեր հրաժարվել են: Երբ մենք խոսում ենք կարգավորման առաջարկների մասին, սեղանին եղել է մի փաստաթուղթ, մայր փաստաթուղթ՝ «Մադրիդյանը», որն ամեն հանդիպման ժամանակ որոշակի փոփոխությունների է ենթարկվել և ըստ քաղաքի կամ մարդկանց անունի՝ ստացել է տարբեր անուններ, չգիտեմ, Կազանի, Սոչիի, Լավրովի պլան և այլն: Այո, ես նաև տեղեկացված եմ, որ 2016 թվականին լավրովյան պլանը մերժել է Սերժ Սարգսյանը և ճիշտ է արել, որովհետև այդ պլանն ավելի վատն էր, քան 97թ. Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտպանվող պլանը: Այդ պլանի էությունը շատ պարզ էր՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց հայկական ուժերը դուրս են գալիս 5 շրջաններից: Սա ռուսներն ուզում էին ամեն կերպ պարտադրել: Չգիտեմ՝ ինչ գին մենք վճարեցինք, դա ոչ ասելու համար, բայց դրան մենք ոչ ենք ասել, ես կարծում եմ՝ ճիշտ ենք արել, որ ոչ ենք ասել: Դրանից հետո արդեն բանակցությունները շարունակվել են, այլ ընթացք են ստացել:

«Ազատություն». - Մի «միկրոհեղափոխություն», Փաշինյանի ձևակերպմամբ, կարծես հօդս ցնդեց, նա ուղղակի հրաժարվեց կրկնել հայկական կողմի այս նոր մոտեցումը, որ 3 ժողովուրդների կողմից պիտի ընդունելի լինի՝ ղարաբաղցիների, ադրբեջանցիների և հայերի: Ինչո՞ւ, ասաց՝ որովհետև ես կարող եմ Ձեզ ասել, թե Ադրբեջանի ժողովրդի համար ինչը կարող է ընդունելի լինել:

Թաթուլ Հակոբյան. - Ադրբեջանը պատրաստ չէ դրան:

«Ազատություն». - Չէ՞ր կարող Ալիևը կրկնել այդ հայտարարությունը:

Թաթուլ Հակոբյան. - Եթե դա կկրկներ, ինքն ուղղակի խաչ էր քաշում, պատկերացնո՞ւմ եք՝ 17 տարի այդ մարդը ղեկավարում է, 17 տարի առաջ ամեն օր կրկնած այդ նույն թեզին, որ պետական մակարդակով մարդիկ հայատյացությունը բարձրացրել են պետական քաղաքականության մակարդակի, և երբ դու արդեն ընդունում ես դա, դու պրոբլեմ ես ստեղծում քո ներքին լսարանի հետ: Այստեղ լուրջ խնդիր կա, բայց ես կարծում եմ, որ դա շատ լավ ձևակերպում է, Փաշինյանի հաջող ձևակերպումներից մեկն է, որը պետք է շարունակել կրկնել, այսինքն՝ լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար: Եվ սրա մեջ ով ուզենա՝ ինչ կարող է հասկանալ: Օրինակ՝ սրա մեջ ես հասկանում եմ հետևյալը՝ դու գնում ես փոխզիջումների, մեկը կարող է մեկ այլ բան հասկանալ, բայց սա այնքան ձգվող բան է, որ արժե միշտ սա օգտագործել, և սա մի բան է, որը նախ թշնամանք չի տարածում, սա ընկալելի է միջազգային հանրության համար, և սա ընկալելի է մեկ մարդու համար: Եթե դու մարդ ես, ես, դու, Ալին, Ալիևը, եթե մենք մարդիկ ենք, մեզ համար խաղաղությունը պետք է լինի ընդունելի, խաղաղությունը պետք է լինի նորմ, շատ սովորական մի բան չէ՞:

«Ազատություն». - Ձեր կարծիքով՝ բանակցությունները, եթե այդպիսիք կան, ո՞ր կետում են:

Թաթուլ Հակոբյան. - Բանակցությունները մի կետում են, երբ կողմերին ներկայացվել է փաստաթուղթ, որը «Մադրիդյանից» ածանցյալ էլի դրաֆտ տարբերակ է, այսինքն՝ սևագիր տարբերակ է, որը, իմ տպավորությամբ, էլի մերժել է հայկական կողմը, և հայկական կողմն ուզում է մեկ այլ կետից բանակցային գործընթացը՝ գոնե վերադարձ այն կետին, երբ որ Ղարաբաղում, Արցախում հանրաքվեի անցկացման հարցը չպետք է որևէ ձևով կասկածի տակ դրվի, իսկ Լավրովի առաջարկում և դրանից հետո բոլոր առաջարկներում դա փաստորեն ավելի հետին պլան է մղվել, և կարգավիճակի հարցի փոխարեն ավելի շատ խոսվել է միջանկյալ կարգավիճակի մասին, որը հայկական կողմից, ես կարծում եմ, բավականին լուրջ զիջում է:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.