Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 1770-ի, բուժվածներինը՝ 10844-ի

Չինաստան - Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհանում չափում են խանութի հաճախորդների ջերմությունը, փետրվար, 2020թ.

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 70 հազար 548-ի: Փետրվարի 16-ի ժամը 24-ի դրությամբ վարակից մահացել է 1770 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 10 հազար 844-ը։

Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 2 հազար 48 նոր դեպք է գրանցվել, մահվան 105 դեպք, որից 100-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում։

Միևնույն ժամանակ, Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են երկրի ափերին կարանտինի մեջ գտնվող նավում կորոնովիրուսի վարակի 70 նոր դեպքի հաստատման մասին: Հիվանդների ընդհանուր թիվը 355 է:

Այս նավում գտնվող 340 ԱՄՆ քաղաքացիներ օդանավով տարհանվում են Միացյալ Նահանգներ և ժամանելուն պես կարանտինի մեջ կլինեն ևս 14 օր:

Նրանք, ովքեր արդեն վարակված են, կմնան Ճապոնիայում:

Շուրջ երեք տասնյակ այլ երկրներում վարակի ավելի քան 500 դեպք է գրանցվել: Մահվան մեկական դեպք է արձանագրվել Ֆրանսիայում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։