Զանգվածային ձերբակալություններ Բաքվի կենտրոնում

Ադրբեջան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին, Բաքու, 16-ը փետրվարի, 2020թ.

Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների, որոնք պահանջում էին չեղարկել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Բողոքի գործողության մեկնարկից ժամեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր նաև ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին: Օրվա ընթացքում բերման են ենթարկվել պատգամավորության մի շարք նախկին թեկնածուներ, այդ թվում` հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:

Մեկ այլ նախկին թեկնածուի` Գյունել Սաֆարովային, ոստիկանությունը թույլ չի տվել տանից դուրս գալ: Բաքվի ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց գործողությունները կանխարգելիչ բնույթ ունեն: