«Կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ ընդգծի, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում». Փաշինյան

Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ ընդգծի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման ընթացքում։

«Շատ կոնկրետ բան, կա, որը միջազգային հանրությունը կարող է անել՝ հստակորեն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և միջազգային հանրությունը պետք է հստակ ու միանշանակ կերպով դա շեշտի», - ընդգծեց Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը նշեց՝ եթե որևէ մեկն ասում է, թե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխանի, որ այդ հակամարտությունն արդեն լուծված է»։

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ներկայացնում բանակցային գործընթացում, սակայն ես գիտեմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար: Եվ որպես Հայաստանի վարչապետ՝ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային, գլոբալ անվտանգության համար: Եվ ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը: Այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն որպես մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր», - ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշեց, որ իր ասուլիսներից մեկի ժամանակ սոցցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերին կոչ է արել սոցիալական մեդիաները, նոր տեխնոլոգիաներն օգտագործել փորձելու համար իրար ավելի լավ հասկանալ՝ շարունակելով. «Եթե Իլհամ Ալիևը դեմ չի լինի, ես դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ: Բայց մենք մի շատ տարօրինակ փաստ ունենք: Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, և դա շատ տարօրինակ փաստ է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ չխոսելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ է տեղի ունեցել. 1992թ. մարտի 24-ին և 1994թ. Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց. «Միջազգային հանրությունը առաջինը պետք է բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և երկրորդը՝ լուրջ ճնշում գործադրի ագրեսորի նկատմամբ»։

Փաշինյանը նշեց, որ ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերին, այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստն է՝ առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել որևէ բռնություն և դադարեցնել ռազմական գործողությունները։ «Առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի պահել, չի հարգել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները», - ընդգծեց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն ասաց, որ երբ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, պետք է որոշվի՝ որ երկրի տարածքային ամբողջականության մասին է խոսքը։

«Հարցը նա է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը, դառնալով անկախ պետություն՝ ինչպե՞ս էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, թեև Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչպես Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից», - նշեց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն ասաց. «Նախագահ Ալիևն ասում է, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ: Առաջին անգամ 1994 թվականին և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը: Դրանից երեք ամիս անց 1994 թ. հուլիսին իրենք վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»: