Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցը փակուղի է մտել

Շիրակի պետհամալսարանի շենքը Գյումրիում, արխիվ

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցը փակուղի է մտել. 2 անգամ չի հաջողվել մրցույթի արդյունքում ռեկտոր ընտրել: 1,5 տարի է բուհը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում:

Հոգաբարձուների խորհուրդը հիմա փորձում է ելք գտնել՝ ռեկտորի թեկնածուի ցենզի և մրցույթի կարգում փոփոխություններով: Հարցը հոգաբարձուների խորհրդում բավականին թեժ քննարկման վերածվեց:

Ի վերջո որոշվեց, որ հոգաբարձուների անդամները առաջարկություններ ներկայացնեն:

Ոչ միայն ռեկտոր չի ընտրվում, այլ նաև ամբիոնների վարիչներ: Բուհի 11 ամբիոնների վարիչները ևս ժամանակավոր պաշտոնակատարներ են: Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը կատակեց, թե քաղաքում արդեն բուհի անունը փոխել են, ՇՊՀ-ն դարձրել են ԺՊՀ:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին հարցեց, թե ինչո՞ւ բուհում ամբիոնների վարիչների ընտրություններ չեն կայանում:

«Գիտխորհուրդը քվեարկել է, ընթացակարգ չունենալու պարագայում մենք ամբիոնի վարիչի մրցույթ հայտարարեինք, ընտրակարգային խախտումներով անեինք, մենք ավելի վատ վիճակի առաջ էինք կանգնելու։ Իմ խնդրանքը որն է՝ կա՛մ մենք հիմա հստակ պիտի, այսինքն էսօրվա ձեր որոշումը քվեարկության, կա՛մ ընդունում ենք գիտխորհրդի առաջարկը, կա՛մ չենք ընդունում։ Ես որպես գիտխորհրդի նախագահ էդ ներկայացնելու եմ գիտխորհրդին և այնտեղ փորձելու եմ պնդել կամ համոզել, որ եթե կա հոգաբարձուները, ուրեմն մենք ստիպված ենք ընդունելու ընթացակարգ էս պայմաններով», - պատասխանեց Սերոբյանը։

Ամբիոնի վարիչների ցենզը խստացնելու առաջարկ է ներկայացրել բուհի գիտխորհուրդը. ամբիոններից միայն երկուսում փոփոխություն կատարել: Սա ևս հոգաբարձուների խորհրդի անդամների տարակուսանքի պատճառը դարձավ, թե ինչու է խտրական մոտեցում ցուցաբերվում:

Հոգաբարձուների խորհրդի կազմը հիմա կրճատվել է, ուսանողները չեն կարողանում 5 անդամ առաջադրել, ևս 3-ը դադարեցրել են իրենց լիազորությունները: Նիստին հրավիրված ուսանողական «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամներից Գևորգ Ղուկասյանը նշեց, որ բուհում մոնիտորինգ են անցկացրել, պնդելով՝ հեղափոխությունը բուհ չի հասել:

«Պարզվել է, որ հայտնի կոռուպցիոներները՝ որոշ դեկաններ, որոշ ամբիոնի վարիչներ, որոշ դասախոսներ, վարչական աշխատողներ դեռ շարունակում են աշխատել բուհում և իրականացնել իրենց հակակրթական, հակամարդկային գործունեությունը։ Հեղափոխությունից հետո, ըստ էության, այստեղ չի մտել հեղափոխությունը, բարեփոխումներ չեն եկել էս բուհ», - ասաց Ղուկասյանը։

Հոգաբարձուների նիստին նաև բուհի այս տարվա ֆինանսական փաստաթուղթը քննարկվեց՝ 1 միլիարդ դրամից ավելի է բուհի բյուջեն: Հաստիքների հարցում էլ, օրինակ, պարզվեց՝ գրադարանն ունի գլխավոր մասնագետ:

Ի՞նչ հաստիք է սա՝ հետաքրքրվեցին հոգաբարձուների խորհրդում. «Իրավաբանորեն կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչ է նշանակում առաջատար գրադարանավար, երկրորդատար գրադարանավար»։

Թե երբ կնշանակվի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ, առայժմ ստույգ այս հարցի պատասխանը հոգաբարձուների խորհուրդը չունի: