Մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին՝ սուտ մատնություն կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հաղորդագրությունում նշված է, որ ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հունվարի 26-ին «Facebook»-ում կատարված գրառմամբ, այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3 հազար դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5 հազար դոլար: Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ մասին տեղեկանալուց հետո վարչապետը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:

«Այսինքն` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: