Հայաստանի արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայան Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկող համագործակցության օրակարգը, տեղեկացնում է ՀՀ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը։
Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը:
Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Սրանչա Գոնսալես Լայան նշել են առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով:
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես Եվրամիության հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ: