«Մենք մսավաճառների պես բաց դեմքով միտինգ անել չենք կարող». ՄԻԱՎ-ով ապրողները դժգոհում են կառավարության որոշումից

«Օգտվում են նրանից, որ մենք մսավաճառների պես բաց դեմքով միտինգ անել ու փողոց փակել չենք կարող», - ասում է 9 տարի ՄԻԱՎ-ով ապրող Արման Ավչյանը։ Նա այն բացառիկներից է, որ բաց դեմքով է խոսում խնդիրների մասին։

«Ես չեմ կարա հանգստանամ, իմ ամբողջ ընտանիքը լարված վիճակ է», - նշեց Ավչյանը։

Կառավարությունը որոշել է՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը միավորել։ Արմանն ասում է՝ ինքն ու իր բախտակիցները՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, պարզաբանումների են սպասում։

«Մենք չգիտենք` ինչ կարող է կորցնենք, ինչ կարանք ձեռք բերենք, մեզ ոչ մի ինֆորմացիա չի տրվում», - նշեց Արման Ավչյանը։

ՁԻԱՀ-ի կենտրոնում բուժում ստացողներից շուրջ 150-ը ստորագրել, նամակ են ուղարկել վարչապետին, նաև կենտրոնի անձնակազմն է պատասխանի սպասում. հարցնում են՝ ինչո՞ւ է արդյունավետ գործող կառույցը միավորվում։

«Եթե նախարարը և պաշտոնյաներն ընդհանրապես ասում են, որ ցանկացած որոշում կայացնելիս իրենք միշտ գնում են մասնագիտական քննարկումների, ապա այս դեպքում մենք ուղղակի այս ամբողջ ընթացքում դրա տրամագծորեն հակառակ վերաբերմունքին հանդիպեցինք», - ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեմային օրեր առաջ արձագանքել է առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանը շեշտել էր՝ 40 տարի առաջ, երբ ՁԻԱՀ-ը նոր էր հայտնաբերվել, հատուկ հաստատությունների կարիք կար, այժմ՝ ոչ։

«ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է ինտեգրվի ընդհանուր առողջապահական համակարգի մեջ և այդ միաձուլումը կատարվում է դրա շրջանակներում։ Որևէ ֆունկցիայի կրճատում բժշկական այդ երկու կենտրոնների շրջանակներում չի լինելու», - նշել է Թորոսյանը։

«Այդպես ասել, որ ոչինչ չի կրճատվելու, ամեն ինչ նույնն է մնալու, այդ դեպքում ինչո՞ւ», - կենտրոնի կանխարգելման բաժնի ղեկավարը տարակուսած է՝ ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ախտորոշման, բուժման աշխատանքները մեկ կենտրոնում իրականացնելուց հրաժարվելը, այդ ծառայություններն ապակենտրոնացնելն, ըստ նրա, նշանակում է չտիրապետել տարածաշրջանի իրողություններին։

«Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ վարակի աճի տեմպերն ամենաբարձրն են», - ասաց Ժանետա Պետրոսյանը։

Վերջին տարիներին Հայաստանում տարեկան ՄԻԱՎ-ի մինչև 450 նոր դեպք է ախտորոշվում։ Թիրախային մարզերը՝ Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, հենց այս մարզերն են Ռուսաստան արտագնա աշխատանքի՝ խոպան մեկնողների թվով առաջատարները։

Կենտրոնի համաճարակաբանության հսկողության բաժնի ղեկավարը շեշտում է՝ վարակի փոխանցման ուղին 72 տոկոսի դեպքում հետերոսեքսուալ ճանապարհն է, միգրանտներն են, որ ՄԻԱՎ-ը փոխանցում են նաև իրենց կանանց: Արշակ Պապոյանն ասում է՝ շատերին են հայտնաբերել ախտորոշել իրենց շարժական կլինիկաների միջոցով, մարզերում անցկացված զննումների արդյունքում, կենտրոնն, ասում է, տասնամյակների ընթացքում աչքի ընկնող հաջողություններ է գրանցել՝ բուժման ընդհատման, սխալ ախտորոշման դեպքեր չեն ունեցել ու կարևորը. «Ունենք հարյուրավոր երեխաներ, որոնք ծնվել են ՄԻԱՎ-ով ապրողներից, որոնք չունեն ՄԻԱՎ վարակ»։

Ինչո՞ւ են կենտրոնում վստահ, որ իրենց ձեռքբերումները ջուրն են լցվելու և ՄԻԱՎ-ի կանխարգելման գործը ձախողվելու է Նորք ինֆեկցիոնի հետ միավորմամբ՝ այն դեպքում, երբ նախարարությունը հայտարարում է՝ որևէ ծառայություն չի կրճատվելու։ Արշակ Պապոյանը պնդում է՝ մեկ կենտրոնում աշխատանքները համակարգելն ավելի արդյունավետ է։

«Ինֆեկցիոն կլինիկան, լինելով հիվանդանոցային բժշկական օգունության տրամադրող, ունի բազմաթիվ խնդիրներ, որը պետք է լուծվի, և այս կամ այն հիվանդությունների աճի դեպքում ինքն արդեն աշխատում է գերծանրաբեռնված», - նշեց Պապոյանը։

Առողջապահության նախարարությունն այս թեմայով տարածած պարզաբանման մեջ նշել է նաև՝ միավորումը կբերի նրան, որ ՄԻԱՎ-ով ապրողները դուրս կգան մեկուսացվածությունից, ասում են՝ մեկ՝ նույն կենտրոնում բուժում ստանալը նաև խտրական վերաբերմունքի խորացմանն է նպաստում։

«ՄԻԱՎ-ով ապրողն ունի շատ մեծ խտրական վերաբերմունք հասարակության կողմից, նույնը և բուժհաստատությունների կողմից», - նշեց Արման Ավչյանը։

ՄԻԱՎ-ով ապրող Ավչյանն ասում է՝ իրենք վատ վերաբերմունքի են արժանանում նույնիսկ այլ բուժհաստատություններ մտնելիս։ Իրենցից ոչ ոք ոչ պոլիկլինիկա, ոչ էլ Նորքի ինֆեկցիոն չի մտնի, պնդում է, շատ հիվանդներ պատրաստվում են հրաժարվել դեղորայքից։

«Ցավում եմ, որ սրա մասին ասում եմ, բայց կարան մահերը շատանան», - նշեց Ավչյանը։

Առաջարկում է՝ իրենց մատուցվող ծառայություններն ապակենտրոնացնելուց առաջ մտածել, սպասել՝ հայ հասարակության մեջ ՍՊԻԴ-ը դեռ խարան է։ Օրինակ՝ ասում է. «Քչերը գիտեն, որ ինձ գրկելը բոլորովին էլ վտանգավոր չէ»։ Արմանն, ի դեպ, ամուսնացած է, փոքրիկ ունի, ոչ կինը, ոչ էլ երեխան ՄԻԱՎ չունեն: