Ոստիկանության բարեփոխումներ. «Ըստ էության»

Հրապարակվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը, դրանից բխելու է նաև կոնկրետ գործողությունների երկամյա ծրագիր։ Օրինակ՝ նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, իսկ Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության փոխարեն՝ ուղղակի Պարեկային ծառայություն։

«Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերն են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը և արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Ստորև՝ հատված հաղորդումից.

«Ազատություն». – Պարոն Միսկարյան և պարոն Սաքունց, ի՞նչ եք կարծում, եթե այս ռազմավարությունն ընդունվի, մարդ ծեծող ոստիկանի կերպարը կփոխվի՞ հասարակությունում։

Գարեգին Միսկարյան. - Դա կախված կլինի նրանից, թե այս բարեփոխումները ինչ որակ և ինչ ընթացք կունենան։ Այս պահին, բնականաբար, դժվար է կանխատեսել, որովհետև այս փոփոխությունները որ արվում են, արվում են նրա համար, որպեսզի հենց այդ կարծրատիպերը հանրության մեջ կոտրվեն, առաջին հերթին՝ վերականգնվի վստահությունը Ոստիկանության նկատմամբ։

Վրաստանի օրինակը լավ օրինակ է, որտեղ շատ կարճ ժամանակով իրենց վարքով և բարքով, այսպես ասած, ոստիկանները գրավեցին հանրության լայն շրջանակների վստահությունը և սերն ու հարգանքը, ես կարող եմ ասել։

«Ազատություն». – Պարոն Սաքունց, մարդ ծեծող ոստիկանի կերպարը այս ռազմավարությամբ կփոխվի՞։ Որպես իրավապաշտպան՝ տարիներ շարունակ նաև այս տեսակի դեմ եք կռիվ տվել։

Արթուր Սաքունց. - Պետք է ամենայն պատասխանատվությամբ ասեմ՝ առաջին փաստաթուղթն է ընդհանրապես մեր անկախության ժամանակաընթացքում, երբ որ շատ հստակ փաստաթղթում ներկայացված է այն տեսլականը, որին պետք է մենք ձգտենք։ Բայց երբ որ Դուք ասում եք՝ ծեծող ոստիկան, դա, ես ասեմ, որ բացառում եմ՝ չէ, բայց դա չի լինելու որպես օրինաչափություն։

«Ազատություն». – Նախկինում օրինաչափությո՞ւն էր։

Սաքունց. – Նախկինում համակարգը հենց այդպես էր դրված, որ ոչ թե ոստիկանության աշխատակիցը զերծ մնա բռնություն կատարելուց, այլ ուղղված էր, որ պետք է բռնություն կատարի։

Սա բոլորովին այլ մոտեցում է։

«Ազատություն». – Պարոն Խաչատրյան, ծրագրի «Հիմնավորում» բաժնում կարդում ենք. - «Պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը անհրաժեշտ է փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող, վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի»։ Դուք երկար տարիներ աշխատել եք Ոստիկանության համակարգում, բարձր պաշտոններ եք զբաղեցրել մինչև Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելը ու նաև այս ծրագրի մշակմանն եք մասնակցել։ Խնդրում եմ, կասե՞ք՝ այդ ինչպես է Ոստիկանությունը օրվա իշխանությանը ծառայել նախկինում։

Արմեն Խաչատրյան. – Գաղտնիք չէ, որ Ոստիկանությունը, դրանից առաջ էլ միլիցիան՝ խորհրդային և ոչ խորհրդային, այդ իմիջը ուներ, որ ծառայում է օրվա իշխանությանը։ Դե, հիմա, թե որքանով են ծառայել, երբ են ծառայել, և քանի տոկոս է կազմել այդ ծառայությունը, եկեք չանդրադառնանք սրան, սակայն այդ իմիջը կա, այո, և այս նախագծի հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է այն, որ իմիջը փոփոխվի։

Քրիստինե Գրիգորյան. – Թե՛ Ոստիկանությունը և թե՛ Կառավարությունը ուզում են փոփոխություններ։ Սա շատ կարևոր միավորող մեզ հանգամանք է, այսինքն՝ սա նաև հնարավորություն է, որ փոփոխությունները գան ոչ թե վերևից ներքև, այլ նաև փոփոխությունները լինեն համակարգի ներսից, որովհետև թե՛ փորձագիտական հարցումները և թե՛ անհատական զրույցները՝ ոչ մեր, այլ անկախ փորձագետների, ոստիկանների, տարբեր ծառայողների հետ, ցույց են տալիս, որ ոստիկանները այսօր, կատարելով այդ ծառայությունը, իրենց ամենակարևոր ցանկությունը հարգանքի արժանի ծառայության մաս կազմելն է։