Պաշտոնական Անկարան դատապարտել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը այս որոշումը սիրիական ռեժիմի բնույթը ներկայացնող ցայտուն օրինակ է համարել: Նա սիրիական իշխանություններին մեղադրել է տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքելքու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու, քիմիական զենք կիրառելու մեջ, շեշտելով՝ այս որոշումն ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը։
«Մարդկային ողբերգությունը, որի պատճառը սիրիական ռեժիմն է, պատմության ամենադաժան աղետներից մեկը մեր սահմանին է տեղի ունենում», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակը, հավելելով՝ միջազգային հանրության աչքում իր օրինականությունը կորցրած ռեժիմը, առաջ քաշելով «անհիմն պնդումները», ցույց է տալիս դրանց հետևում կանգնած «իր աղավաղված մտայնությունը»:
Նախօրեին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել էր, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք էր մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:
Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:
Հայաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, բարձր է գնահատել Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը: