ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատում Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին։

Հայաստանի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

«Երիտթուրքական կառավարության կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականացվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։ Սիրիացի ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայնքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում», - ասված է հայտարարությունում:

Արտգործնախարարությունը նշել է, որ այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։

«Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման գործում», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։