ՀՀ-ում Սիրիայի դեսպանը պատմական իրադարձություն է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը պատմական իրադարձություն է համարում սեփական երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։

Դեսպանը նշեց, որ ճանաչման գործընթացը դեռ տարիներ առաջ է մեկնարկել։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք էր մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին. - «Այդ բանաձևում նշվում է, որ հայերի կողքին, ցեղասպանվեցին նաև ասորիներն ու հույները, սակայն ամենամեծ ջարդերը տեղի են ունեցել հայերի նկատմամբ»։

Սիրիայի ժողովրդական ժողովն այսօր ընդունած բանաձևով դատապարտում է Հայերի ցեղասպանությունը ժխտելու և պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ։

Հայաստանում Սիրիայի դեսպանի խոսքով, իր երկրի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը որակում է մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի և ամենադաժան հանցագործություններից մեկը։ Մոհամմեդ Հաջ Իբրահիմը պնդում է, որ այդ ոճրագործությունը շարունակվում է նաև այսօր՝ ընդդեմ Սիրիայի ժողովրդի. - «Թուրքիայի բանակն ու կառավարությունը բացասական ներդրում են ունեցել Սիրիայի ճգնաժամի մեջ, քանի որ այդ պետությունը բոլոր դռները բացեց ահաբեկիչների առջև, որ նրանք մուտք գործեն Սիրիայի տարածք։ Ագրեսիվ կերպով և միջազգային իրավունքի խախտմամբ Թուրքիան միջամտեց Սիրայի հարցին՝ ամենասարսափելի հանցագործությունները գործելով Սիրայի ժողովրդի նկատմամբ, ահաբեկելով նրան»։

Սիրիայի խորհրդարանի ընդունած բանաձևը կոչ է անում նաև մյուս երկրների խորհրդարաններին ու միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղապսանությունը։

Նկատենք, որ Սիրիան Լիբանանից հետո երկրորդ արաբական երկիրն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Եվ հենց Սիրիան էր այն պետությունը, որ Ցեղասպանությունից անմիջապես հետո ջարդերից մազապուրծ մեծ թվով հայ գաղթականների ընդունեց, որոնց ժառանգների մի մասն էլ Սիրիայից արտագաղթեց արդեն՝ երկրում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո։