Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակը

Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ 1995 թվականի ապրիլի 24-ին բացվեց անկախ Հայաստանի առաջին նոր թանգարանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը։

«Ազատության» հետ զրույցում թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ այս տարի թանգարանը նախապատրաստվում է նշել թե՛ հիմնադրման 25-ամյակը, թե՛ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։

Տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թեմատիկ փոքր ցուցադրություններ կկազմակերպի տարբեր քաղաքներում. - «Փոխադարձ պայմանավորվածություն կա, և դա վստահաբար ունենալու է իր դրսևորումը, Դոնի Ռոստովում կազմակերպել ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված 105-ամյակին։ Փոքր ժամանակավոր ցուցահանդեսներ ենք կազմակերպում նաև մեր թանգարանում»։

Տարվա ընթացքում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նաև երեք միջազգային գիտաժողով է հրավիրելու։ Առաջինը՝ ապրիլի 16-17-ին՝ նվիրված 1920 թվականին Կիլիկիայում տեղի ունեցած հայկական ինքնապաշտպանական մարտերի 100-ամյակին. - «Մարաշի, Հաճընի և Այնթափի։ Հաճընում դիմադրել են ավելի քան վեց ամիս, Այնթափում՝ ավելի քան 11 ամիս։ Դրանք ֆենոմենալ երևույթներ են, և հարյուր տարի է անցել, և ժամանակն է դրանց առանձնահատուկ անդրադառնալ»։

Հաջորդ միջազգային գիտաժողովը տեղի կունենա հունիս ամսին՝ Կանադայի մարդու իրավունքների ինստիտուտի թանգարանի, նաև Լեհաստանի և Ավստրալիայի մի շարք համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ. - «Մի համատեղ գիտաժողով՝ նվիրված երեխաների բռնի տեղափոխությանը մի խմբից մյուսին, և Ցեղասպանության կոնվենցիա։ Եռօրյա միջազգային գիտաժողով»։

Իսկ հոկտեմբեր ամսին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի Թանգարանային միջազգային ասոցիացիայի անդամներին, որոնք իրենց տարեկան ընդհանուր ժողովը կանցկացնեն Հայաստանում։

«Երեք դեպքում էլ բացվելու են ժամանակավոր ցուցադրություններ», - ասաց Մարությանը։ - «Մենք շարունակելու ենք «Ցեղասպանագիտական հանդեսի» հրատարակությունը՝ երկու համար, մեկ համարը կլինի անգլերեն։ Մենք նամակներով դիմել ենք տարբեր բարերարների և կազմակերպությունների, և այս տարի փորձելու ենք սկսել Հայոց ցեղասպանությունը վերապրողների հուշագրությունների մատենաշար։ Մենք ունենք նաև մեր աշխատակիցների աշխատանքներ, պետք է փորձենք միջոցներ գտնել և հրատարակել»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Հարություն Մարությանը ներկայացրեց հետևյալ ուշագրավ ծրագիրը. - «Նախագիծ կա, գաղափար կա, որ մենք ուզում ենք, որ աստիճանաբար դա կենսագործվի։ Թանգարանը ունի 98 հեկտար տարածք՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մեծագույն մասը։ Մենք գտնում ենք, որ այն լիուլի կարող է դառնալ հուշայգի։ Հուշայգին հնարավորություն կտա այս թեմային անդրադառնալ ողջ տարվա ընթացքում։ Եթե այդ 98,8 հեկտարի վրա մենք կարողանանք ստեղծել փոքր պարկեր, արահետներ, ծառուղիներ, որոնք նվիրված կլինեն Օսմանյան կայսրության տարածքում և Արևմտյան Հայաստանի տարածքում այն ռեգիոններին, որոնք ենթարկվեցին ցեղասպանության։ Ու փորձելու ենք, որպեսզի դրան զուգահեռ լինեն նաև մուլտիմեդիայով ցուցադրություններ։ Առաջին գումարը եթե լինի, մենք նախատեսում ենք անցկացնել միջազգային կարգի մրցույթ՝ ճարտարապետների, ինժեներների մասնակցությամբ, ընտրել երեք լավագույն գաղափարները, հետո նրանց պատվիրել արդեն, որպեսզի նախագիծը պատրաստեն։ Դրա համար պահանջվում է մրցանակային ֆոնդ։ Սա կարող է լինել նաև Սփյուռք – Հայաստան համագործակցության քաղաքակիրթ ձևերից մեկը»։