Դանիել Իոաննիսյան. Շատ տխուր կլինի, եթե հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի ճակատ չձևավորվի

«Եթե «Ոչ»-ի ճակատ չլինի, դա կլինի շատ խնդրահարույց, որովհետև ժողովրդավարական պրոցեսը ենթադրում է մրցակցայնություն», - այսօր հայտարարեց Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանը շեշտում է, որ պաշտոնապես գրանցված «Ոչ»-ի նախաձեռնությանը տրվում են հավասար հեռարձակման, պաստառներ ունենալու, ի վերջո տեղամասային ընտրական հանձնաժողովում երկու անդամ ունենալու հնարավորություններ։ Եթե այնուամենայնիվ «Ոչ»-ի ճակատ չձևավորվի, այս ռեսուրսների հետ «Այո»-ն մենակ է մնալու. - ««Լուսավոր Հայաստանը» ուներ առաջնային իրավունք «Ոչ»-ի նախաձեռնությունը ձևավորելու մինչև կիրակի օրը, բայց «Լուսավոր Հայաստանը» արդեն հայտարարել է, որ դա չի անելու։ Ըստ այդմ, երկուշաբթի առավոտվանից ցանկացած ընտրական իրավունք ունեցող 50 քաղաքացիներ կարող են նման նախաձեռնություն ձևավորել և համապատասխան թղթերը հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու ձեռք բերել այդ իրավունքները։ Եվ եթե իրականում չլինի «Ոչ»-ի նախաձեռնություն, բայց լինի «Այո»-ի նախաձեռնություն, որը կօգտվի այդ հանրային ռեսուրսների հասանելիության իրավունքից, ապա մենք կարձանագրենք, որ հավասար մրցակցային հնարավորություն չունեն հանրաքվեի դրված հարցերը»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը վստահ է, որ «Ոչ»-ի պաշտոնական ճակատ չի ձևավորվում, քանի որ քաղաքական ուժերը գիտակցում են, որ վարչապետն ու նրա թիմը մեծ ժողովրդականություն են վայելում, և «Ոչ»-ի քարոզով նրանք կխթանեն «Այո»-ները։ Մյուս կողմից, Սոնա Այվազյանը վստահ է, որ «Ոչ»-ը կա, պարզապես այն քողարկված է. - «Պարզապես քարոզելով մարդկանց չգնալ կամ հիասթափեցնել, որ, օրինակ, այս դատավորներին հեռացնելով նոր դատավորներ կարող են գալ, որոնք կաշխատեն Նիկոլ Փաշինյանի ասածով։ Կամ այլ տարբեր եղանակներով կփորձեն հնարավորինս վարկաբեկել նախաձեռնությունը և գործընթացը»։

Այվազյանը չի կասկածում, որ «Ոչ»-ի կամ չմասնակցության քարոզին ուղղվելու են ռեսուրսներ, և այս առումով հանրաքվեի քարոզարշավը, ըստ նրա, կլինի մրցակցային։