ՊԵԿ-ը Վրաստանից ժամանող ՀՀ քաղաքացու մեքենայում 2300 որսորդական փամփուշտ է հայտնաբերել

Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է օրերս Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանող Հայաստանի քաղաքացու մեքենայում 92 տուփ որսորդական փամփուշտ հայտնաբերելու մասին։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցները տեսազննման են ենթարկել ավտոմեքենան, և պարզվել է, որ բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: «Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է թուրքական արտադրության 12մմ տրամաչափով և 34 գրամ քաշով 2300 որսորդական փամփուշտ», - ասված է հաղորդագրությունում։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: