Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև, հայտնում է Հալեպում տպագրվող «Գանձասար» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի օրենսդիր մարմնի քարտուղար Ռամի Սալեհի հայտարարությունը:
Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմն էլ թերթի հետ զրույցում հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանություն իրականացրածների ժառանգներն այսօր նույն ոճիրն իրականացնում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռքով»:
Արաբական երկրներից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Լիբանանը։
Ավելի վաղ՝ 2015 թվականին Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինը տարի առաջ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ընթացքում Դամասկոսն ու Անկարան դարձել են հակամարտող կողմեր: Թուրքիան աջակցում է Բաշար Ասադի ռեժիմին ընդդիմացող զինված խմբավորումներին: