Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 85 տարեկան

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն ավանդաբար Կոմիտասի անվան պանթեոն է բերում նրա գրչընկերներին ու արվեստի երկրպագուներին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ գրողի հիշատակին։

Շատերի համոզմամբ, թեև Մաթևոսյանի մասին բազմաթիվ հոդվածներ ու գրքեր են տպագրվել, նրա գրականությունը, նրա թողած գրական ժառանգությունը ապագա սերունդների համար դեռ մեծ խորհուրդներ է բացելու, մաթևոսյանական բացահայտումները դեռ առջևում են։

Մշակույթի գծով փոխնախարար Նարինե Թուխիկյան. - «Ինձ թվում է, դեռ գալու է այն ժամանակը, որ Մաթևոսյանի աշխարհը մտնելու է մեր կյանքի մեջ, մեր գիտակցության մեջ։ Որովհետև իսկապես ահռելի հետք է թողել, դարակազմիկ։ Ինքը ապագայի բացահայտվելիք է»։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան. - «Իր արձակի մեջ ես ռիթմն եմ ընկալում, իրենց բնության դանդաղ, գեղեցիկ, խորը, բանաստեղծական, հայ մարդու պատմական ընկալումները ժամանակի, աշխարհի, ներկայի... այդ բոլոր խաչաձևումներով հրաշալի գրականություն է։ Եվ մենք առաջիկայում ԿԳՄՍ (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի) նախարարության հետ առաջիկայում կհանձնենք Հրանտ Մաթևոսյանի մրցանակը։ Այս տարի այն բաժին է հասել Դավիթ Մաթևոսյանին և այն խմբին, որ անտիպներն են հրապարակել»։

Հրանտ Մաթևոսյանի որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյան. - «Մշակույթով և մշակութային կրթություն է պետք տալ։ Այսինքն, եթե մենք չունենք մշակութային հեղափոխություն, եթե մենք մեր գլուխներում չունենք մտքի, գաղափարի հեղափոխություն, մենք դատապարտված ենք լինելու ապագայում ավելի ու ավելի փոքրանալու։ Մեր մի հեղափոխությունը տեղի է ունեցել։ Որպեսզի արդյունքները ամրակայվեն, մտքի, գաղափարի, մշակութային հեղափոխություն է պետք է։ Ցավոք, ես դրա ընկալումը հիմա շատ քչերի մեջ եմ տեսնում։ Եվ հայրենիքը հենց դա է։ Եվ Մաթևոսյանի ասած և պատկերած հայրենիքը հենց դա է»։

Խոսելով «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի մասին, որը կառուցվել է երկու տարի առաջ, սակայն դեռ չի գործում՝ Դավիթ Մաթևոսյանն ասաց. - «Հեղափոխությունից հետո առաջին բանը, որ մշակույթի ոլորտում էս երկիրը պետք է աներ, էս իշխանությունը պիտի աներ, էդ կենտրոնը ստեղծելը պիտի լիներ։ Բարեբախտաբար, ինչ-որ բան մինչև իրենց արվել է։ Պետք է ընդամենը շարունակել մի փոքր էլ, հետո գտնել մի քիչ էլ ֆինանսավորում՝ պարտադիր չի պետական, և ամեն ինչ կսկսի աշխատել։ Եվ ի վերջո կլինի էն գեղեցիկը, ինչ որ մենք ասում ենք»։

Նարինե Թուխիկյանը հավաստիացրեց, որ կենտրոնը պատրաստ կլինի մինչև տարեվերջ. - «Արդեն կառավարություն է գնացել երրորդ հարկի կառուցման հարցը, և հուսով, որ շատ արագ կկառուցվի այս տարվա ընթացքում»։

Վերջին տարիներին հրատարակվեց Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունների երկհատորյակը։ Այս տարի էլ մի ոււշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել « Զանգակ » հրատարակչությունը, որի գլխավոր խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Գիրքը կոչվում է «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի»։ Դա մի նախագիծ է, որը մենք «Զանգակ» հրատարակչությունում արդեն չորս տարի շարունակ իրականացնում ենք։ Ձևաչափը այսպիսին է. դրվում է գրական մի հատված և կողքին՝ նշումների համար տեղ։ Նպատակն է, որպեսզի գրականությունը դարձնենք մարդկանց առօրյայի, կենցաղի իմաստը։ Մենք իսկապես երջանիկ ենք, որ Մաթևոսյանի պես գրող ունենք, և նրա միջոցով գրականության, Աստծու երեսը ամեն օր տեսնելու հնարավորություն ունենք։ Բայց այդ հնարավորությունից չենք օգտվում»։