Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, թեև քննադատում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս վեց անդամների լիազորությունները դադարեցնելու հարցով հանրաքվեն, դեմ են «Ոչ»-ի ճակատ ձևավորելուն։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի գնահատականը կոշտ է։ Արդարադատության նախկին նախարարը փոփոխությունները հակասահմանադրական է համարում, բայց «Ոչ»-ի քարոզչությանը դեմ է. - «Ոչ-ի ճամբար կարող են լինել բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այս հարցը ոչ թե հակասահմանադրական է, այլ հարցը բովանդակային առումով անընդունելի է, նրանք բնականաբար պետք է ստեղծեն «ոչ»-ի ճամբար։ Իսկ ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ և չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը։ Չես կարող պատասխանել այո կամ ոչ։ Ինքնին հարցադրումը անթույլատրելի է և հակասահմանադրական է»։
Նախկին իշխանության ներկայացուցչի մեկնաբանմամբ՝ իշխանության գերխնդիր է դրված հլու, հնազանդ Սահմանադրական դատարան ձևավորելը, և այդ խնդրի լուծման փորձերը ստիպում են իշխանությանը գնալ հապճեպ ու չմտածված քայլերի. - «Սա թուլացնելու է մեր դիրքերը և արտաքին քաղաքականության առումով։ Եվ ինչքան ուզում ես այստեղ հոխորտա և ասա, որ եվրոպական կուսակցությունները կաշառված են, Վենետիկի հանձնաժողովը կաշառված է և այն բոլորը, որոնք քո մասին որևէ մի դիրքորոշում արտահայտեն, նրանք բոլորը կաշառված են։ Դա ամենևին չի օգնում, այլ ավելի խորացնում է իրավիճակը, ավելի թույլ վիճակում է դնում Հայաստանի Հանրապետությունը»։
Ըստ Դավիթ Հարությունյանի, հակասահմանադրականը միայն Սահմանադրական դատարանը շրջանցելը և առանց Բարձր դատարանի որոշման հանրաքվե անցկացնելը չէ, այլ այն, որ խորհրդարանում էլ նախագծերի քննարկումներն ու քվեարկությունը ընթացել են խախտումներով. - ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հստակ նշել է հինգ փուլեր, որ պետք է անցնի նման նախագիծը, որպեսզի այն համարվի չընդունված։ Այն պետք է քվեարկվի առաջին ընթերցմամբ, ընդունվի երկու երրորդ ձայներով, այն պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ, բայց չքվեարկվի, ավարտվեն քննարկումները երկրորդ ընթերցմամբ, պետք է քվեարկվի Սահմանադրական դատարան դիմելու հարցը, հարցը պետք է գնա Սահմանադրական դատարան, ստացվի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, հարցը պետք է քվեարկվի երկրորդ ընթերցմամբ և չհավաքի երկու երրորդ ձայներ։ Միայն այս հինգ փուլերից հետո և այս հաջորդականությամբ նախագիծը կարող է համարվել Ազգային ժողովի կողմից չընդունված։ Մյուս բոլոր դեպքերում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հստակ նշել է, որ նախագիծը հանվում է շրջանառությունից»։
Արդարադատության նախկին նախարարի կարծիքով, շահերի բախում չէր լինի, եթե Սահմանադրական դատարանի անդամները իրենց լիազորությունների դադարեցման վերաբերող հարցը քննարկեին ու որոշում ընդունեին։ Նա վկայակոչեց Ալբանիայի օրինակը. - «Երբ Սահմանադրական դատարանի անդամներին պետք է վեթինգի ենթարկեին, և հարցը վիճարկվեց Սահմանադրական դատարանում։ Եվ դատարանը կասեցրեց գործի ընթացքը և դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք հարցնելով, արդյո՞ք նման դեպքերում մեր որոշումը ինչքանով հեղինակավոր որոշում կլինի, չէ՞ որ մենք ինքներս ենք ենթարկվելու վեթինգի, և հարցը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Եվ Վենետիկի հանձնաժողովը, որը, վստահեցնում եմ ձեզ, կաշառված կառույց չէ և ներկայացում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների ամենահեղինակավոր սահմանադրագետներին, հանգեց այն եզրակացության, որ տվյալ պարագայում խոսել շահերի բախման մասին անթույլատրելի է»։
Նախկին իշխանության ներկայացուցիչը արձագանքեց նաև վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական դատարանը այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա. - «Ես կարծում եմ, վարչապետի մոտ շատ վտանգավոր մի տենդենց է նկատվում, որ եթե որևէ մեկը իր հետ համաձայն չէ, ապա դա հակաժողովրդական է»։
Գործող նախարար Ռուստամ Բադասյանը, հակադարձելով, նախկին նախարարին, ասաց, որ դատաիրավական բարեփոխումների նպատակն արտաքին ու ներքին ազդեցություններից անկախ դատական համակարգ ձևավորելն է. - «Եվ մենք հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ»։
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների այն պնդումներին, թե այսօրվա գործընթացները դեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվելու են, և ընդդեմ Հայաստանի որոշումներ են լինելու՝ Հայաստանի բյուջեից միլիոնավոր գումարների փոխհատուցմամբ, նախարարն ասաց, թե Եվրոպական դատարանում հնարավոր հետևանքների մասին խոսակցությունները շահարկումներ են։