Հանրային քննարկման է դրվել ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների նախագիծը։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ոստիկանությունը վերածել ներքին գործերի նախարարության։
Նոր գերատեսչության ձևավորումը, ըստ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի, թույլ կտա ապահովել համակարգի թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական վերահսկողությունը։
«Այն, ինչ մենք ունենք, մեր պատկերացմամբ, խորհրդային հասարակարգի պահանջները բավարարող ոստիկանություն է, որը որոշակի ուղղություններով ինչ-որ զարգացումներ ապրել էր», - նշեց Գրիգորյանը։
Նոր ձևավորվելիք նախարարությունը, ըստ նախագծի, կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ գործառույթները, մասնավորապես ոլորտի քաղաքականության մշակումն ու իրականացումը։
Առաջարկվում է ճանապարհային ոստիկանության ու պարեկապահակային ծառայության փոխարեն ստեղծել նոր պարեկային ոստիկանություն, որը կզբաղվի, մասնավորապես, հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովմամբ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ, հետախուզվող հանցագործների, անհետ կորած անձանց և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերմամբ։
«Պարեկային ծառայության կազմում մենք հակված չենք, մեր տրամաբանությունը չի, որ ուղղակի զուտ վերցնել գործող ոստիկաններին, տեղափոխել պարեկային ծառայություն և ասել, որ սա է։ Պարեկային ծառայության ձևավորման գործընթացում մենք գնալու ենք բաց դռների և բաց հայտարարությունների ճանապարհով։ Որովհետև սա լրիվ նոր ֆունկցիա է», - պարզաբանեց Քրիստինե Գրիգորյանը։
Արդարադատության նախարարությունում դեռ հստակ չեն պատասխանում, թե արդյոք նոր բարեփոխումները կբերեն նաև ոստիկանությունում կադրերի կրճատմանը։ Նախագծի վերաբերյալ Ոստիկանությունից առայժմ խուսափում են որևէ մեկնաբանություն տալ։
Խորհրդարանական ընդդիմությունը դեռ ծանոթանում է նախագծին։ Մինչ այդ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը նկատում է, որ համակարգը լուրջ կադրային փոփոխությունների կարիք ունի. - «Այստեղ հանգուցային դերը պետք է կրի Ոստիկանության ակադեմիան, որը պետք է կարողանա որակյալ նոր կարդերով համալրել Ոստիկանությունը, ու հնարավորություն տալ, որ Ոստիկանությունը ձերբազատվի այն կադրերից, որոնք որ պետք չեն»։
Արդարադատության փոխնախարարը վստահեցնում է, որ իրենք այդ խնդիրը ևս դիտարկել են. նոր կադրերը պետք է պատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան։ Օրինակ, ցանկանում են այս փոփոխություններով բացառել ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը. - «Սա ամբողջ աշխարհում խնդիր է, և ժամանակակից լուծումներն առավելապես գնում են ոչ թե ուղղակի զինաթափմանը, որովհետև դա սխալ մոտեցում է, այլ առավելապես և լրացուցիչ կերպով աջակցելով և զարգացնելով նրանց կարողությունը տակտիկական գործողությունների»։
Նախագծով առաջարկվում է Ոստիկանության զորքերը վերանվանել Ազգային գվարդիա։
Քրիստինե Գրիգորյանը փոխանցեց, որ կձևավորվի նաև օպերատիվ կառավարման կենտրոն. - «Սա այն միասնական զանգի կետն է, որտեղից տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներն ուղղորդվելու են ոստիկանության տարբեր ծառայություններ։ Եթե այդ պահին ամենաառաջին արձագանքը պարեկից է լինելու, պարեկն է գալու, բայց եթե կա մասնագիտացված... ասենք, տարբեր բնույթի հանցագործություններ են, գալու են համապատասխան ծառայության ներկայացուցիչները»։
Դանիել Իոաննիսյանն այս կապացությամբ ասաց. - «Սա թերևս նշանակում է, որ ոստիկանության տրամաբանությունը ի վերջ վերականգնվում է։ Որովհետև մենք հիմա ունենք Ոստիկանության տարբեր ծառայություններ, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես մեկին չի հետաքրքրում, թե մյուսի գործառույթների տիրույթում ինչ է կատարվում»։
Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծը դրական է գնահատում։ Այն, ըստ պատգամավորի, նպատակ ունի ժողովրդավարական իրավունքին համապատասխան ոստիկանություն ստեղծել. - «Այս վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մեր բոլոր մտահոգությունները, խնդիրները, որոնք վերաբերում էին ոստիկանությանը, կարելի է ասել, այդ ամենը ամփոփված է այս նախագծի մեջ և լուծումները տրված են»։
Ոստիկանությունը անկախ Հայաստանում որպես Ներքին գործերի նախարարություն գործել է 1990-ականներին և 2000-ականների սկզբին։ Որպես Ոստիկանություն վերակազմավորվել է 2003 թվականին։