Հայաստանի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է, և Կառավարությունը շահագրգռված է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինի կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Դմիտրի Պանկինի խոսքով՝ իր գլխավորած բանկը Հայաստանում կենտրոնացած է հիմնականում առևտրային բանկերի միջոցով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ, սակայն առաջիկայում նախատեսում են ծրագրեր իրականացնել նաև ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ վերը նշված ոլորտներում Հայաստանում առկա միտումները վկայում են՝ առկա են զարգացման լայն հնարավորություններ, և տարեցտարի ֆինանսների ներգրավման անհրաժեշտությունը մեծանալու է: «Այսինքն համագործակցության լայն դաշտ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ողջունել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ու հայաստանյան առևտրային բանկերից մեկի միջև 10 մլն դոլարին համարժեք վարկային նոր համաձայնագրի ստորագրումը, միջոցների ուղղումը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։