Ղազախստանի ներքին գործերի նախարարն այսօր հայտնել է, որ երկրի հարավում Ջամբուլ նահանգի գյուղերում տեղի ունեցած ընդհարումների հետևանքով ութ մարդ է սպանվել, չորս տասնյակից ավելի վիրավոր կա:
Նուր-Սուլթանում կայացած ասուլիսում ՆԳ նախարար Էրլան Թուրքիմբաևը նաև հայտնել է, որ անկարգությունների հետևանքով վնասվել են երկու տասնյակ ավտոմեքենաներ, 30 տուն ու 15 խանութ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ոստիկանությունն ու ազգային գվարդիան արդեն վերահսկում են իրավիճակը: Կառավարությանը նա կարգադրել է քայլեր ձեռնարկել այդ շրջանում հանդարտություն ապահովելու համար:
Փետրվարի 7-ի երեկոյան, երբ բռնկվել են բախումները, Ղազախստանի այդ գյուղերից հարյուրավոր մարդիկ փախել են հարևան Ղրղըզստան: Նրանց թվում նաև վիրավորներ կան, որոնցից մոտավորապես երկու տասնյակը Ղրղըզստանում դիմել է բժշկական օգնության:
Ընդհարումների պատճառը դեռ հայտնի չէ: Այդ շրջանում բնակվում են նաև Չինաստանից մահմեդական ծագում ունեցող դանգան էթնիկ փոքրամասնության խմբեր: