Ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ, երեքը մահացել են. ՊՆ

Արխիվային լուսանկար

Այսօր ժամը 16։50-ի սահմաններում Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ, նրանցից երեքը մահացել են։

«Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը», - ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: