«Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ». Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

«Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ և ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան՝ մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտություն», - այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Մեդիամաքս»-ին, «Շանթ» հեռուստաընկերությանը և «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում:

Նախագահը նշեց, որ կարծում է՝ 21-րդ դարում սա շատ արժեքավոր է, քանի որ «իրականում բոլորս ապրում ենք երկու կյանք՝ մեկը վիրտուալ կյանքն է, մեկը նյութական, իրական կյանքն է»։

«Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, որոնք կիսվում են, հսկայական քանակությամբ ֆեյքեր, և այդտեղ դու չես կարող կողմնորոշես իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականորեն սարքածից։ Շատ հաճախ, ես կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ որ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է ամպերից իջնել ցած, որտեղ Facebook-ներն են ապրում և Instagram-ները, իջնել, ոտքերը դնել գետնին և շփվել ժողովրդի հետ», - ասաց Արմեն Սարգսյանը՝ նշելով. «Կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ կամ սահմանադրական երևույթի հետ, այլ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ»։

Նախագահն ընդգծեց, որ կան երկրներ, որտեղ դա շատ հաջող կիրառվում է և դարձել է կյանքի մաս. «Այսինքն՝ հանրությանը ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնելու որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը։ Շվեյցարիայի նման երկրում ֆեդերալ իշխանությունը շատ հաճախ դիմում են պարզ հարցերով, սկսած նրանից, թե «մեր տարածքում տրամվայ դնե՞նք, թե՞ չէ», վերջացրած՝ «օտարերկրացիներին, միգրանտներին ինչպե՞ս վերաբերվենք» կամ ավելի խոր խնդիրների, որ վերաբերում է ազգային անվտանգությանը, բանակին և այլն»։

Արմեն Սարգսյանը նշեց. «Հանրաքվեի մշակույթը, կամքի արտահայտության մշակույթը, կարծում եմ, որքան շատ կարողանանք կիրառել Հայաստանում, և դրանից վախենալ պետք չի, որ հանրաքվեն վերջի քայլն է կամ կամքի արտահայտությունը հարցնելը դա արտառոց է, ոչ, սա 21-րդ դարի կրկնակի կյանքի պայմաններում նույնիսկ անհրաժեշտություն է դառնում, ինչպես ասացի՝ ամպերից իջնել ցած և ուղղակի ժողովրդի կամքը և կարծիքը պարբերաբար ստանալ»։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։

Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։