Ռուսաստանի կառավարությունը դյուրացնում է քաղաքացիության տրամադրման կարգը. «Կոմերսանտ»

Ուկրաինա - Ռուսաստանի անձնագիր ստանալու մասին հայտարարություն Դոնեցկի տարսծաշրջանում, հունվար, 2020թ.

Ռուսաստանի կառավարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որի համաձայն օտարերկրացիները կկարողանան ռուսաստանյան քաղաքացիություն ստանալ առանց հրաժարվելու ունեցած քաղաքացիությունից, այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը:

Թերթի փոխանցմամբ՝ «Քաղաքացիության մասին» օրենքում նաև այլ փոփոխություններ են նախատեսում, փաստաթուղթը առաջիկայում կմտնի Պետդումայի օրակարգ:

Այս տարվա հունվարին Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը առաջարկել է չեղարկել ռուսերեն լեզվի իմացության բանավոր ստուգարքը ուկրաինացիների և բելառուսների համար: Իսկ անցյալ տարվա հուլիսին նախագահ Պուտինի հրամանով դյուրացվել է նաև Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին ռուսաստանյան քաղաքացիություն տրամադրելու կարգը, ինչը դատապարտել են Կիևը, Եվրամիության ներկայացուցիչները, Կանադայի իշխանությունները։

2019 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որն իրականացնում է պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, նպատակ ունի Ռուսաստանի նոր քաղաքացիների թիվը հասցնել 5-10 միլիոնի: