Ջրաշենցիները չեն վստահում իրենց համայնքի ղեկավարին ու ավագանուն

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները չեն վստահում իրենց համայնքի ղեկավարին ու ավագանուն։ Ասում են՝ 150 միլիոն դրամանոց բյուջե ունեցող գյուղում զարգացման որևէ ծրագիր չի արվում, իսկ գումարներն իրենց համար անհասկանալի նպատակներով են ծախսվում։

Ջրաշեն համայնքի բնակիչ Արմեն Մանուկյանը պնդում է, որ մտադիր էին մասնակցել 2020 թվականի բյուջեի քննարկմանը, բայց հունվարի 29-ին իրենցից ծածուկ քննարկել ու հաստատել են՝ առանց համայնքի բնակիչների կարծիքը լսելու։

«Համայնքի կարծիքը զրոյացրած, անտեսած, իրավունքները լրիվ զրոյացրած, իրանք մտածում են էդ բյուջեն իրանց բյուջեն է», - ասաց բնակիչներից մեկը։

Ջրաշեն համայնքի մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Գյուղը թալանված է գյուղապետի կամանդի հետ մեկտեղ, ոչ թե մի գործով, այլ ամբողջ գյուղը չկա մի բան, որ արվի ժողովրդի համար, միայն արված է իրանց սեփականության համար, իրա տան համար, իրա օջախի համար»։

Գյուղի բնակիչները մատնանշում են բյուջեում նախատեսված տասնյակ միլիոնների հասնող ծախսերը՝ աշխատակազմի համար սահմանված ավելի քան 5 միլիոն դրամ պարգևավճարներից մինչև 4,5 միլիոն դրամի սոցիալական օգնություններ։ Մինչդեռ, շեշտում են, որ դիմել են գյուղապետին՝ ընդամենը 2 միլիոն դրամ հատկացնել գյուղում խաղահրապարակ կառուցելու համար, բայց մերժվել են։

Դեռ 1,5 տարի առաջ բնակիչների բողոքների հիման վրա Ոստիկանությունը քրեական գործ հարուցեց ու մեղադրանք առաջադրեց գյուղապետ Վահան Ուռուսյանին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և համայնքային միջոցները վատնելու մի քանի փաստերով։ Մասնավորապես, իրավապահները բացահայտել էին, որ 2011 թվականին գյուղապետը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մի ընտանիքից կաշառք է պահանջել և ստացել բնակարանաշինության պետական ծրագրում ընդգրկելու համար։

Պարզվել է նաև, որ Ջրաշենի գյուղապետը ապօրինի աշխատավարձ է հատկացրել իր եղբոր կնոջը, ինչպես նաև Ջրաշեն համայնքի ավագանու կայացրած որոշումներում կեղծվել է ավագանու բացակա անդամի ստորագրությունը, նշված է դեռ 2018-ի հունիսին Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական գործում նշված մեկ այլ փաստով Վահան Ուռուսյանը 2017 թվականին 5 միլիոն դրամով Դուբայից Հայաստան է ներմուծել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որը նախ նվիրատվության պայմանագրով անհատույց տվել է իր մերձավորին, ապա երկու ամիս անց նույն ավտոմեքենան գրեթե կրկնակի թանկ՝ մոտ 20 հազար դոլարով, գնել որպես ծառայողական մեքենա՝ համայնքի բյուջեի հաշվին։

Դատախազությունից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցելուց 1,5 տարի անց դեռ նախաքննությունը չի ավարտվել, ինչը բնակիչների մոտ իրավապահների նկատմամբ անվստահության պատճառ է դարձել։

«Էսօրվա իրավապահ մարմինները աշխատում են իրա համար, ոչ թե ժողովրդի համար», - ասաց համայնքի բնակիչներից մեկը։

Քրեական գործ հարուցելուց օրեր առաջ գյուղապետը «Ազատության» հետ զրույցում չէր ժխտել, որ «Լեքսուս» մակնիշի ծառայողական մեքենա է գնել ու որպես վարորդ իր հարազատ եղբորը վերցրել աշխատանքի։

«Ազատության» հարցին՝ կարևո՞ր է, որ գյուղապետը «Լեքսուս» մակնիշի մեքենա վարի, Ուռուսյանը պատասխանեց. «Բայց ինչ մի մեծ մեքենա է որ, ասենք «Ժիգուլի» քշի, ի՞նչն է տարբերվում որ»։

Այս տարվա բյուջեով ավագանին ընդամենը 200 հազար դրամ է նախատեսել մշակութային ծրագրերի համար, մինչդեռ 34 միլիոն դրամ՝ համայնքային ենթակայության ճանապարհային տրանսպորտը, այդ թվում «Լեքսուս» մակնիշի ծառայողական մեքենան սպասարկելու համար։

Մեր այցելության օրը գյուղապետն ու հաշվապահը տեղում չէին։ Աշխատակազմի քարտուղար Արտեմ Հովհաննիսյանը պատասխանեց գյուղապետարանի աշխատանքից դժգոհ քաղաքացիներին՝ արդարացնելով աշխատակազմի գործելաոճը։

«Մենք աշխատում ենք, մեր աշխատելաոճը էս ձևի է», - ասաց Հովհաննիսյանը։

2017 թվականին 35 միլիոն դրամով կառուցված մանկապարտեզն այդպես էլ չի աշխատում։ Կառուցումից ամիսներ անց գյուղապետարանը հայտարարել էր, թե նոր տեղադրված ջեռուցման համակարգը գողացել են։ Իրավապահներն այս գործում էլ առաջընթաց չեն գրանցել. ոչ գողերին են հայտնաբերել, ոչ էլ գողոնը։ Այս տարի նախատեսված է համայնքի բյուջեից դարձյալ գումար ծախսել նոր ջեռուցման համակարգ տեղադրելու և գույք ձեռք բերելու համար։

Նշենք, որ այս տարվա աշնանը նախատեսված է խոշորացնել համայնքը։ Ջրաշենին կմիանան հարևան ևս 2 գյուղեր, և համայնքի ղեկավարի նոր ընտրություններ տեղի կունենան։ Գյուղապետարանում ասացին, որ 19 տարվա ղեկավար Վահան Ուռուսյանը ևս նախատեսում է պայքարել խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար։