Փայլանը Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման հարցով դիմել է նախարարին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, արխիվ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադրում է ուղղել հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիդ Թուրհանին՝ կապված Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման հետ:

Տարիներ շարունակ Հայաստան-Թուրքիա օդային կապը ապահովող թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից ժամանակավորապես կասեցրել էր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով: Մեկամսյա ընդմիջումից հետո ավիաընկերությունը վերաբացվել էր, սակայն արտերկրա թռիչքները, այդ թվում՝ դեպի Երևան, չէին գործարկվել: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ արտերկիր թռիչքները կվերականգնվեն միայն գարնանը:

Ընդգծելով, որ 1993 թվականից ի վեր փակ սահմաններ ունեցող Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության միակ ուղիղ ճանապարհն այդ թռիչքն էր, Գարո Փայլանն իր հարցման մեջ կոչ է արել ուշադրություն դարձնել այս հարցին: Նա շեշտել է, որ օդային հաղորդակցության վերականգնումը շատ կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների համար:

«Տարիներ շարունակ այս թռիչքի միջոցով հարևան երկիր մեկնող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներն այժմ զրկված են այդ հնարավորությունից», - ասել է Փայլանը՝ նախարարին հորդորելով զբաղվել խնդրով:

Հայազգի պատգամավորը ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ աշխարհի 120 երկրներ բազմաթիվ ուղղություններով ավիափոխադրում իրականացնող «Թուրքական ավիաուղիները» թռիչքներ չունի դեպի հարևան Հայաստան, պարզաբանում է պահանջել, թե որն է ավիաընկերության նման մոտեցման պատճառը: Փայլանը նաև հետաքրքրվել է՝ արդոք ճի՞շտ են այն պնդումները, թե Ադրբեջանի միջամտությամբ արգելակվել է Թուրքիայից Հայաստան թռիչքների մեկնարկը: Հայազգի պատգամավորը նախարար Թուրհանից պատասխան է ակնկալում, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հարցին լուծում տալու համար: