Միացյալ Նահանգների հյուսիսում` Ինդիանայում գտնվող Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը դարձավ Այովայում երկուշաբթի օրը կայացած Դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների գլխավոր հերոսը: Կուսակցական ժողովների՝ երեկ երեկոյան հրապարակված մասնակի արդյունքների համաձայն, երիտասարդ դեմոկրատ գործիչը, որին ամիսներ առաջ իր հայրենի քաղաքի սահմաններից դուրս քչերն էին ճանաչում, ստացել է քվեների շուրջ 27 տոկոսը:
«Այս քարոզարշավը մեկնարկեց մեկ տարի առաջ: Մեր շտաբն այն ժամանակ ընդամենը չորս աշխատակից ուներ, զուրկ էր ֆինանսական միջոցներից և գրեթե բոլորը մեզ ասում էին, որ անգամ ընտրարշավում ներգրավվելն անիմաստ է: Այսօր ահա, մեկ տարի անց, մենք այս ընտրությունների առաջատարն ենք», - հայտարարել է դեմոկրատ գործիչը:
Բութիջիչը ընդամենը 38 տարեկան է, սերում է մալթացու և ամերիկուհու խառը ընտանիքից և ամերիկյան քաղաքական շրջանակներում հայտնի է իր ազատական հայացքներով: Ավելին, Բութիջիչը չի թաքցնում, որ համասեռամոլ է և պաշտոնապես ամուսնացած է տղամարդու` 30-ամյա ուսուցիչ Չասթեն Գլեզմանի հետ:
Այովայում հրավիրված ներկուսակցական ժողովների ընթացքում քվեների քանակով երկրորդ տեղը զբաղեցրեց Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը: Նրա օգտին քվեարկեց դեմոկրատ ընտրողների շուրջ 25 տոկոսը: Քվեարկության արդյունքների մասին Սանդերսը տեղեկացավ արդեն Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ փետրվարի 11-ին կկայանա Դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների հաջորդ փուլը:
«Ինչ-ինչ պատճառներով Այովայում քվեների հաշվարկի հետ որոշակի խնդիրներ էին առկա: Բայց ես վստահ եմ, որ այստեղ՝ Նյու Հեփշիրում, դուք ի վիճակի կլինեք ձայները հաշվարկել հենց քվեարկության օրվա երեկոյան: Եվ երբ դուք հաշվարկեք այդ քվեները, ես ակնկալում եմ հաղթանակ տոնել», - հայտարարել է Սանդերսը:
Դեմոկրատական կուսակցության կողմից Այովայում անցկացված նախնական ընտրությունները` փրայմերիները, պետք է լարված ընտրարշավի մեկնարկը ազդարարեին: Փոխարենը դրանք աղմկալի սկանդալի պատճառ դարձան: Նախատեսվում էր, որ բոլոր կուսակցական ժողովներում կայացած քվեարկությունների արդյունքները պետք է ներբեռնվեին հատուկ այդ նպատակով ստեղծված հավելվածում: Այդ հավելվածը սակայն այդպես էլ չաշխատեց: Արդյունքները հեռախոսով հաղորդելու բոլոր փորձերը ևս ապարդյուն էին: Դա էր պատճառը, որ Այովայում կայացած ներկուսակցական ընտրությունների առաջին արդյունքները հրապարկվեցին քվեարկության ավարտից շուրջ 20 ժամ հետո:
Ընտրությունների գլխավոր անհաջողակ ճանաչված, քվեների 15 տոկոսով չորրորդ տեղում հայտնված նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բադենը կոչ է անում շատ չկենտրոնանալ քվեարկության ընթացքում ծագած տեխնիկական խնդիրների վրա. - «Ես գիտեմ, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Այովայում փորձում են լուծել այդ հավելվածի հետ կապված բոլոր խնդիրները: Ես երեկ երեկոյան էլ ասացի` ժամանակ տվեք նրանց: Ես չեմ պատրաստվում շատ քննադատական մոտեցում ցուցաբերել: Պետք է թույլ տալ, որպեսզի նրանք հաղթահարեն առկա խնդիրները, խնդիրներ, որոնց լուծումից շատ բան է կախված»:
Հավելեմ ի դեպ, որ Այովայում կայացած ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում զետեղված չէր ամենահարուստ դեմոկրատ թեկնածուի` Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգի անունը: Բլումբերգի նախընտրական շտաբը որոշել է պայքարի մեջ մտնել մարտի 3-ից, երբ կկայանա այսպես կոչված «սուպեր երեքշաբթին»: Այդ օրը 14 նահանգների, այդ թվում՝ Կալիֆորնիայի, Մասաչուսեթսի, Մինեսոթայի և Տեխասի, դեմոկրատ ընտրողները կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Որպես կանոն, ընտրությունների այս փուլում է, որ հստակեցվում է, թե ովքեր են ընտրարշավի առաջատարները, շատ հաճախ ի հայտ է գալիս նաև ընտրարշավի միանձնյա առաջատարը:
Նշեմ, որ թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների պարագայում 1984 թվականից ի վեր անցկացված 18 «սուպեր երեքշաբթիներից» 17-ի դեպքում առավել լավ արդյունք ցուցաբերած գործիչը ի վերջո հռչակվել է միասնական թեկնածու: Մայքլ Բլումբերգի հույսն էլ հենց դա է` ուշ մեկնարկը փոխհատուցել լուրջ և տպավորիչ հաղթանակով:
Բլումբերգի նաև նշում է, որ քարոզարշավի այս փուլում արդեն ինքն իր գլխավոր մրցակից է համարում Դոնալդ Թրամփին. - «Մեր նախագահն այսօր ջղային է, անվերահսկելի և օրինազանց: Նա [իր գործողություններով] պառակտում է ամերիկացի ժողովրդին և չարաշահում է լիազորությունները: Այս ամենը ևս չորս տարի հանդուրժել մենք պարզապես չենք կարող: Ես առաջադրվել եմ, որպեսզի պարտության մատնեմ Դոնալդ Թրամփին»: