Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից, որտեղ ժամեր առաջ բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով:
Նա հայտարարեց, որ իր մոտ ապօրինի զենք չեն հայտնաբերել, որ ինքն ունի 3 օրինական զենք. - «Թույլատրություններն էլ գրպանս դրած է», - ասաց նա, ապա շարունակեց:
«Կապիկություն էր: Փորձում էին ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող նման ձևով վախեցնել, առհասարակ մեր տեսակն է ուրիշ: Եթե նույնիսկ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հայրապետյանի ներկայացմամբ՝ իրեն բերման են ենթարկել նորմալ, առանց ուժ գործադրելու:
ՀՖՖ նախկին նախագահը նաև հայտարարեց, թե իրեն, ինչպես նաև «Ադեկվադի» անդամներին բերման ենթարկելու հեղինակը վարչապետն է:
Դեկտեմբերի 20-ին Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշումներ էին կայացվել: Իսկ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով: