Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի որդուն

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Մովսիսյանին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», - մանրամասնել է նա:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանը Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն դեպքի օրը հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ապա հայտարարություն տարածեց՝ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են նրա երեք համածառայակիցները՝ Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը և Դավիթ Մովսիսյանը զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում։