ՀՔԾ-ն քննությանը չներկայանալու հերթական պատրվակ է որակում Գևորգ Կոստանյանի հայտարարությունը

Նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Նախկին Գլխավոր դատախազ, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի հայտարարությունը Հատուկ քննչական ծառայությունը քննությանը չներկայանալու հերթական պատրվակ է որակում:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Կոստանյանը գտնվում է Հայաստանից դուրս, հետախուզվում է, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոցը հեռակա որոշել է կալանքը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Հայաստան և պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին՝ եթե դա արվի հրապարակային՝ վարչապետի մոտ ու նաև միջազգային փորձագետների, Հայաստանում Եվրամիության և այլ դեսպանների մասնակցությամբ։

Հատուկ քննչական ծառայությունն իր տարածած հայտարարության մեջ հիշեցնում է, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին - մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես քրեական դատավարության օրենսգրքի նորմերով։

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ նախկին Գլխավոր դատախազը պատրաստ է իր ունեցած տեղեկություններով աջակցել գործի քննությանը, ապա, ըստ Հատուկ Քննչական ծառայության, Կոստանյանը դա կարող էր անել, երբ գործում վկայի կարգավիճակ ուներ:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը Կոստանյանի հայտարարություններն անհեթեթություն է համարում. - «Հիմա տեքստեր է կազմում, միջազգային դիտորդներ է պահանջում, բաց քննարկումներ է պահանջում... Կներեք, դա իրավական լուծումներ չեն։ Իրավական լուծումը հետևյալն է. օր առաջ Մոսկվա – Երևան տոմսը պետք է առնի և ներկայանա նախաքննական մարմնին։ Դա է օրենքի պահանջը։ Պետք է նախաքննական մարմինը ինչ-ինչ պատճառներից ելնելով խափանման միջոցը փոխի, բայց այդ գործընթացի նախաձեռնողը պետք է լինի Գևորգ Կոստանյանը, բայց՝ ոչ քաղաքական տեքստերով»։

Դեռ նոյեմբերին Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ չի կարող Հայաստան վերադառնալ, քանի որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում, իսկ կիսամյակը դեռ չի ավարտվել:

Իր նոր հայտարարության մեջ Կոստանյանը իրեն վերագրվող մեղադրանքը զուրկ է համարում իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, բայց ասում է, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին: Հարցուպատասխանը հրապարակային անելու իր պահանջը Կոստանյանը պայմանավորել է նրանով, որ նրա գնահատմամբ՝ քննարկումները միակողմանի հրապարակայնությամբ են ընթանում: Իսկ ինքը պատրաստ է հասարակությանը տեղեկացնել Մարտի 1-ի գործի այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ:

Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ, օրենքն է պահանջում, որ Կոստանյանն իր իմացածը հայտնի՝ առանց նախապայմանների. - «Առանց որևէ նախապայմանի, առանց դիտորդների... Ինքը կհանդուրժե՞ր, եթե որևէ մեկը, երբ որ ինքը Գլխավոր դատախազ էր, տեքստերով իրեն դիմեին, ասեին պայմաններ ստեղծեք, գանք, խոսենք։ Ինքը իր ասելիքները պետք է ներկայացնի նախաքննական մարմնին։ Իսկ որ ինքը ասելիք ունի, ես՝ որպես նախկին փաստահավաք խմբի անդամ, կարող եմ հաստատել։ Շատ ասելիք ունի։ Վստահաբար եմ ասում Ձեզ»։

Իր հայտարարության մեջ Գևորգ Կոստանյանը դիմում է նաև Մարտի 1-ի տուժողների հարազատներին՝ կասկած հայտնելով, որ իրավապահ համակարգը գնում է 10 քաղաքացիների մահվան մեղավորներին չբացահայտելու ճանապարհով։ Այս շրջանում, ասում է նախկին դատախազը, շատ բան կարելի էր անել մահվան հանգամանքների բացահայտման համար, բայց չի արվում:

2013-2016 թվականներին Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանի խոսքով, իր պաշտոնավարման ժամանակ առկա չեն եղել գործի վերաբերյալ բազմաթիվ հանգամանքներ, որ նոր են ի հայտ եկել։ Ինքն այժմ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով աջակցել 10 անձանց մահվան փաստերի և դրանց մեղավորների բացահայտմանը:

2008-ի մարտի 1-ին «Չերյոմուխա»-ի կրակոցից զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասում է, որ Գևորգ Կոստանյանը կարող էր ժամանակին գործի քննությունը առաջ տանել, երբ Գլխավոր դատախազ էր. - «Նա մեզ երբ որ ընդունեց, ասեց՝ սայլը տեղից անպայման կշարժվի, ես գործը առանձնացրել եմ, նոր ճանապարհային քարտեզ եմ գծել և այլն, խոստանում եմ ձեզ, որ ամեն ինչ կլինի։ Բայց բանից դուս էկավ, որ նա իր համար արեց, որ եվրոպաներ, տեսեք, մարդու իրավունքների պաշտպաններ, տեսեք՝ ես հրավիրել եմ ծնողներին...»

ինչ վերաբերում է Կոստանյանի քննադատությանը, թե քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով՝ փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի 1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու՝ իշխանության անկարողությունից կամ ցանկության բացակայությունից, Սարգիս Քլոյանն արձագանքեց. - «Եթե նա չհրավիրեր արտակարգ դրություն, մինչև արտակարգ դրությունը չգային զորքերը, չմտնեին Երևան, պատկերացնում եք, ինչքան ժամանակ շրջափակված է եղել Հայաստանի Հանրապետությունը։ Ես կարող եմ ասել, Էրեբունիից, Պռոշյանից, մյուս բոլոր տեղերից տանկերը շրջափակել էին Երևան քաղաքը՝ հանուն նրա, որ անպայման պիտի Սերժ Սարգսյանը լինի Հանրապետության նախագահ, որպեսզի ծածկադմփոց անի Ռոբերտ Քոչարյանի բոլոր արածները՝ թալանը, սպանությունները։ Դա էր հիմնական պատճառը»։