ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում կիրակի օրն իրականացված հարձակման պատասխանատվությունը

Միացյալ Թագավորություն - Իրավապահները և փորձագետները դեպքի վայրում, Լոնդոն, 2-ը փետրվարի, 2020թ.

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում 20-ամյա Սուդեշ Ամմանի իրականացրած հարձակման պատասխանատվությունը:

«Իսլամական պետության» անունից սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարձակվողն այս խմբավորման «զինվորներից» է, և նրա գործողությունները կապված են Սիրիայում և Իրաքում ջիհադիստների դեմ պայքարող երկրների քաղաքացիների նկատմամբ հարձակումներ իրականացնելու՝ ԻՊ ղեկավարության վերջերս հնչեցրած կոչի հետ:

Կիրակի օրը Լոնդոնում Սուդեշ Ամմանը դանակով հարձակվել էր անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու, որոնցից մեկը ծանր վիճակում է: Հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։

Ամմանն օրեր առաջ էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել բանտից, որտեղ երկու տարի առաջ կայացված դատավճռով պատիժ էր կրում ծայրահեղական նյութեր տարածելու համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդում է, որ հարկավոր է սահմանափակել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու իրավունքը ահաբեկչության հետ կապված հանցագործությունների դեպքում: