Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը օրերս ծավալուն հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիյեթ» պարբերականին՝ անդրադառնալով Թուրքիայի հայ համայնքի կյանքին առնչվող մի շարք հարցերի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:
Արձանագրելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հետ մեկտեղ շատ հարցերում դրական առաջընթաց է նկատվել, Պատրիարքը նշել է. - «Երկար ժամանակ ապրիլի 24-ը տաբու էր համարվում, բայց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոտրեց այն 2015 թվականին ուղարկած ցավակցական ուղերձով: Առաջին անգամ մեր եկեղեցներում կարողացանք ոգեկոչել մահացածների հիշատակը»:
Լրագրողի այն հարցին, թե հայությունը ի՞նչ սպասելիք ունի 1915 թվականի հետ կապված, Պոլսո Հայոց պատրիարքն արձագանքել է՝ ակնկալում են, որ հայ ժողովրդի կորուստն ու ցավը կհասկանան:
«Մենք գիտենք եղելությունը, քանի որ վերապրել ենք, սակայն այս երկրում դրա մասին շատ լավ չեն իմանում: Կարծում եմ՝ ապրիլի 24-ը ոչ թե անցյալի, այլ ապագայի տեսլական պետք է լինի», - ընդգծել է Մաշալյանը:
Խոսելով Թուրքիայի հայ փոքրամասնության այսօրվա խնդիրների մասին՝ արքեպիսկոպոս Մաշալյանը համայնքի ամենամեծ մարտահրավերը դեմոգրաֆիական հարցն է համարել:
«Մեր բնակչությունն արագորեն նվազում է: 26 մահի դիմաց ընդամենը 12 ծնունդ ունենք: Սա շատ մտահոգիչ ցուցանիշ է: 82-միլիոնանոց բնակչության մեջ մենք կարծես ծովում մի այսբերգ լինենք և գնալով պակասում ենք: Արտագաղթի ալիք էլ կա: Այնուհանդերձ, մենք այսօր Թուրքիայում ոչ մուսուլման փոքրամասնություններից ամենամեծ համայնքն ենք՝ շուրջ 50-60 հազար բնակչությամբ»,- ասել է Պատրիարքը։
Համայնքային խնդիրների թվում Պատրիարքը մատնանշել է նաև Պատրիարքության իրավական կարգավիճակի բացակայության հարցը: «Դե ֆակտո գոյություն ունենք, բայց դե յուրե՝ չկանք: Նույնիսկ Պատրիարքարանի շենքը մեզ չի պատկանում, այլ դիմացի եկեղեցունն է: 38 եկեղեցի և 42 հիմնադրամ ունենք», - նշել է արքեպիսկոպոս Մաշալյանը՝ համայնքապատկան եկեղեցիները նմանեցնելով առանձին դքսությունների:
Անդրադառնալով աշխարհում տարածում գտած իսլամաֆոբիայի խնդրին՝ լրագրողը Պոլսո Հայոց պատրիարքին հետաքրքրական հարցադրում է արել՝ գոյություն ունի՞ արդյոք ֆոբիա քրիստոնյաների նկատմամբ: «100 տարի առաջ Թուրքիայի բնակչության մեկ երրորդը քրիստոնյա էր, իսկ հիմա՝ հազարից մեկը: Ի՞նչ եք կարծում, այստեղ ֆոբիա չկա՞», - հակադարձել է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: