Կրեմլում չեն բացառում Պուտին-Էրդողան բանակցությունների նոր փուլի անցկացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, 5 հունվարի, 2020թ.

Պաշտոնական Մոսկվան չի բացառում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Սիրիայի շուրջ նոր բանակցությունների անցկացումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով` անհրաժեշտության դեպքում նախագահների բանակցությունները կարելի է կազմակերպել «բավական սեղմ ժամկետներում»: Այդ բանակցությունների ընթացքում, ըստ Պեսկովի, կողմերը կարող են քննարկել այն ակտիվությունը, որ ահաբեկչական կառույցները շարունակում են ցուցաբերել Իդլիբում»:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող միակ նահանգում՝ Իդլիբում, թուրքական ստորաբաժանումներն ու սիրիական կառավարական բանակը փոխադարձ կրակահերթ են բացել, երկու կողմից էլ կան զոհեր: