Ավինյան. Անցած տարի Հայաստան է այցելել ռեկորդային թվով՝ 1.9 միլիոն զբոսաշրջիկ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 3 փետրվարի, 2020թ.

Հայաստանում 2019թ. գրանցված տնտեսական բարձր աճի վրա նշանակալի դրական ազդեցություն է ունեցել երկրում ժողովրդավարության ամրապնդումը և կառավարության հակակոռուպցիոն պայքարը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ ստեղծվող միջավայրը թույլ է տալիս տնտեսությանը ազատ լինել, հետևաբար զարգանալ։

Վիճակագրական կոմիտեի համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ.-ին կազմել է 7.8%՝ աննախադեպ բարձր թիվ 2011թ.-ից ի վեր, երբ երկրի տնտեսության վիճակը կոմիտեն սկսեց չափել այդ ցուցանիշով։

Ներկայացնում ենք հատվածներ Տիգրան Ավինյանի հետ հարցազրույցից.

Տիգրան Ավինյան. - Երևի թե երկու մակարդակում կարելի է դիտարկել այս հարցը, մասնավորապես առաջինը մակրոմակարդակում: Դրական ազդեցություն ունեցել է տնտեսության ակտիվության վրա, իհարկե, հակակոռուպցիոն պայքարը, և վերջերս հրապարակված «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից զեկույցում մենք էական դրական բարելավում ենք ունեցել հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի ընկալման առումով: Դրական նաև գնահատականներ ենք ունեցել ժողովրդավարության ինդեքսների բարձրացման առումով: Սա ընդհանուր առմամբ այն մակրոմիջավայրն է, որը թույլ է տալիս տնտեսությանն ավելի ազատ լինել և ընդհանուր առմամբ տնտեսության ակտիվությունն ավելի մեծ տեմպերով ունենալ, իսկ միկրոտեսանկյունից ուղղակի ֆիքսենք, թե որոնք էին այն ոլորտները, որոնք ուղղակիորեն ազդել են այս ակտիվության վրա: Առաջին հերթին դա արդյունաբերությունն է, որը մոտավորապես 9 տոկոս ցուցանիշ է գրանցել աճի, և մշակվող արդյունաբերությունը, որի ցուցանիշը մոտավորապես 10 տոկոս ավելացել է:

Ունեցել ենք տուրիզմի աճ, բավականին մեծ ծավալի՝ մոտավորապես 15 տոկոս այցելուների քանակն ավելացել է, եթե չեմ սխալվում, շատ կոպիտ գնահատականներով՝ 1.9 միլիոն տուրիստ է այցելել 2019 թվականին Հայաստանի Հանրապետություն: Ինչպես նաև աճել են ծառայությունները բավականին կտրուկ, այսինքն՝ նաև այս ուղղություններով մենք ունեցել ենք բավականին դրական զարգացումներ:

Ունեցել ենք նաև բացասական զարգացումներ. գյուղատնտեսության ոլորտում անկում կա 4.8 տոկոսի, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Սուբյեկտիվն, իհարկե, գնահատման մեխանիզմն է, որը բավականին սուբյեկտիվ է, և հաշվի են առնվում հենց տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տվյալները, և միշտ չէ, որ նրանք ճշգրիտ են: Փորձում ենք հնարավորինս մեթոդաբանությունը ճշգրտել դրա, բայց նաև հասկանում ենք, որ գյուղացիական տնտեսությունները բավականին փոքր են, և դրական մեծ էֆեկտներ ստանալու համար մենք մշակել ենք գյուղատնտեսության ոլորտի համար բազմաթիվ ծրագրեր, որոնք տարեցտարի ավելի ու ավելի մեծ ծավալներով ֆերմերական տնտեսություններն օգտագործում են:

«Ազատություն». - Դուք ասացիք՝ 1.9 միլիոն զոսաշրջիկ է այցելել Հայաստան: Ես որքան հասկանում եմ, դա ռեկորդային ցուցանիշ է:

Տիգրան Ավինյան. - Այո, դա ռեկորդային ցուցանիշ է, նախորդ տարվա համեմատ դա 15 տոկոսի մոտավոր աճ է:

«Ազատություն». - Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից՝ Դուք տնտեսական աճի պատճառների մասին խոսելիս նախ և առաջ նշեցիք, որ մեր պայքարը, աշխատանքը կոռուպցիայի դեմ հանգեցրեց նրան, որ ունեցանք նման տնտեսական աճ: Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք փորձում եք ներկայացնել այնպես, որ քանի որ նախկինում իշխանությունները «փայ էին մտնում», խոչընդոտներ էին ստեղծում բիզնեսին, դա լուրջ խոչընդոտ էր տնտեսական աճի համար, և հիմա քանի որ կա այդ տարանջատումն, ուղղակի խթան է, որ Հայաստանում գործարարությունը զարգանա, և դա էլ հանգեցնում է տնտեսական աճի:

Տիգրան Ավինյան. - Միանշանակ, դա դասագրքային ճշմարտություն է, այսինքն՝ եթե պետական համակարգի ինստիտուտները գործում են այնպես, որ խոչընդոտներ են ստեղծում տնտեսվարողների համար, որոշակի ոչ տրամաբանական խոչընդոտներ և ոչ համակարգային, միանշանակ տնտեսությունը չի կարող այդ պարագայում շատ ինտենսիվ կերպով և ներառական աճել: Երբ որ հնարավորինս ազատականացվում է դաշտը, և որևէ ոչ տրամաբանական և չկարգավորված խոչընդոտներ չկան բիզնեսի համար, բիզնեսը կարողանում է շնչել, իհարկե և համապատասխանաբար սկսում է աճել, սկսում է մրցակցությունն աճել, սկսում են նոր խաղացողներ մտնել, նոր տենոլոգիաներ մտնել: Միանշանակ, դա դրական է ազդում:

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև.