Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի գերեզմանատանը քիչ առաջ հուղարկավորեցին հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանին:
Հուղարկավորությանը բազի զինծառայողի հարազատներից, ներկա էին նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ավելի վաղ Վահրամ Ավագյանի հարազատները փակել էին Արգավանդի ճանապարհը, նրանք դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երևան` հայտարարելով, որ իրենց որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Նախարար Տոնոյանը խոստացավ արդար հետաքննություն ու հորդորեց վերադառնալ, հարազատներն այդպես էլ արեցին:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով` այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:
Հիշեցնենք, հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը։