Մայրը պնդում է՝ իր անչափահաս տղային հասուն տղամարդիկ սեռական բռնության են ենթարկել

Երևանաբնակ կինն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց, որ տարեվերջին իր անչափահաս տղային բռնության են ենթարկել երեք հասուն տղամարդիկ՝ իրենց իսկ տանը, տատի ներկայությամբ։ Կինը շարունակեց պատմել, որ որդուն նաև ենթադրյալ բռնարարի ավտոմեքենայում են սեռական բռնության ենթարկել, անգամ ծառից են կախել՝ եղելությունը մորը պատմելու փորձի համար, բայց մի երեխա փրկել է։

Ըստ մոր, դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ունեն, ըստ որի, երեխայի հետանցքը կարմրած է ու լայնացած, ինչն էլ, մոր պնդմամբ, վկայում է պարբերական սեռական բռնության մասին: Ահասարսուռ այս պատմությամբ արդեն զբաղվում են իրավապահները:

«Վեց տարեկանից է սա պարբերաբար սկսվել։ Երբ որ այդ օրը ես տեսա քիթը ուռած, աչքերը և այլն, հարցրեցի՝ «ի՞նչ է եղել», երեխաս ասաց՝ «բակում խաղալուց ծեծել են»։ Էդ ժամանակ, որ երեխաս դուրս էր գալիս, տան հարևանությամբ դպրոց կար, մայրս ասում էր՝ «ես հետն եմ», անընդհատ ինքն էր դուրսը, ես էլ ասում է՝ մայրս է, դուրսն է, նայում է։ Էդ օրը, որ նկատեցի, անմիջապես զանգել եմ նախ ոստիկանություն։ Անգամ մինչև կախել են երեխային, կանգնացնում էի երեխան ընկնում էր, մի ուրիշ երեխա է եկել աթոռը դրել, հանել է, եկել է տուն։ Մարդկային հասկացողությունից վեր պատմություն է, անընկալելի, փաստերով, ամեն ինչով ես ներկայացնում եմ։ Էդ ընթացքում երեխայի հայրը հենց վեց տարեկանում, երեխաս եղել է ինը ամսական մենք էլ կապ չենք ունեցել, ուզում էր իբրև թե տիրություն աներ, չգիտեմ ինչ աներ, տղան գալիս էր մեր տուն ասում էր՝ «պապան ուզում է քեզ տենա, ախպերս», զավոդ ուներ, տանում էր իրա մոտ։ Անգամ էրեխուս ծնունդի օրով են տարել նեղացրել։ Պարբերաբար էրեխուս ենթարկել են բռնության», - պատմեց «Ազատության» զրուցակիցը։

Դեպքերից մեկը, կնոջ պնդմամբ, տեղի է ունեցել դեռ տարներ առաջ, երբ մայրը որոշ ժամանակով բացակայել է տնից, վերադառնալիս երեխային տեսել է գունատ, աչքի տակ՝ կապույտ։ Երեխան ասել է, որ իրեն բակում ծեծել են, մայրը զանգահարել է ոստիկանություն, հետո նոր մորը պատմել է, թե մի քանի չափահաս տղամարդիկ հերթով իրեն սեռական բռնության են ենթարկել։ Իրեն ցավեցնող այդ տղամարդիկ, ըստ երեխայի, գումար են տվել տատին, նույն գործողությունները նաև նրա հետ արել՝ սեռական բռնության ենթարկել։ Կինը պնդում է, որ երեխայի տատը՝ իր մայրը, գուցե նույնիսկ բռնության զոհ է, բայց և ասում է՝ չի ներելու մորը, որովհետև համոզված է՝ աջակցել է, որ բռնարարներն իր երեխային սեռական բռնության ենթարկեն՝ մանկությունը խեղեն։

«Ասում է՝ «երբ որ ես քեզ ուզում էի ասեի տատին ասում էր՝ չասեմ քեզ, «կասեմ կգան էլի», 17 թվականին իմացել եմ՝ ծեծել են, երկրորդ օրը իմացել եմ՝ պահակ ու անչափահաս են բռնաբարել ու արդեն գործը հարցուվել է, բայց 1,5 տարի եմ իմացել՝ ովքեր իրականում կապ ունեն։ Ցավս խեղդելով ապրում էի, էս վերջում կարծես թե վերականգնվել էի։ Այս դեպքը, որ եղավ երկրորդը՝ դեկտեմբերի 28-ին 19 թվականի, արդեն իմացա, որ մայրս կապ ունի։ Երբեք չեմ լռելու մինչև էն ամենավերջի հանցագործը, ով կապ ունի, չստանա պատիժ։ Ուրիշ վիճակ էր մոտս, ես չէի կարողանում հանգստանալ, չէի կարողանում ինձ զսպել, չգիտեմ ինչ էր կատարվում ու Աստված չանի՝ մեկն ապրի», - ասաց մայրը։

«Ազատության» հետ զրույցում կինն ասաց, որ մոր հանդեպ վերաբերմունքը դեռ իր պատանեկության տարիներից է փոխվել։ Հիշեց՝ 11 տարեկան էր, երբ մոր թույլտվությամբ մի մեծահասակ տղամարդ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ և կրկին իրենց տանը, ընդ որում՝ պարբերաբար, հետո հղիացել է և ծնվել է երեխան, որից նա այլևս հրաժարվել չի կարողացել։ Հենց այդ երեխան էլ, մոր պնդմամբ, այսօր նույնպես բռնության է ենթարկվում։ Կինը կասկածներ ունի, որ իր մայրը հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։

«Ինքը խախտվել է հիմա։ Երեխան ասում է՝ մի անգամ էդ մարդը իմ մորը գումար է տվել, բայց էսպիսի մի հարց կա՝ էրեխան ասում է՝ «նույնն էլ անում էին իրա հետ», ես էդ գումարը չգիտեմ՝ տվել են բժշկի գնա, որովհետև արյունահոսություն էր ինքը ունենում երկար ժամանակ։ Կա՛մ էստեղ մայրս իսկապես հանցագործ է, կա՛մ ինքը բռնության զոհ է։ Որտեղ ասեք դիմել եմ, որ ինձ օգնեն։ Հանդիպեցի Լենա Նազարյանի հետ, գնացի վարչապետի աշխատակազմ, ընդունարան, Հայկ անունով տղամարդ էր ընդունարանում, ես տեսա, պատմեցի իրան։ Մտածում եմ՝ չեն զեկուցել վարչապետին», - նշեց նա։

2016-2017-ին հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Մայրը վստահ է, կապտականաչավուն «Մերսեդես»-ով իրենց տուն եկած երեք հասուն տղամարդիկ միակը չեն, որ այս գործի հետ կապ ունեն։ Ենթադրյալ բռնարարների անունները կինը գիտի, իրավապահներին ասել է։ Կասկածներ ունի, որ իրավապահները համագործակցում են այդ խմբակի հետ։ Ասում է՝ նրանք մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում թաղային հեղինակության համբավ ունեն։

Քննչական կոմիտեից ու ոստիկանությունից չեն ընդունում իրենց անգործության վերաբերյալ կնոջ մեղադրանքները և պնդում են՝ գործն իրենց ուշադրության կենտրոնում է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն է 2016-2017-ի գործով զբաղվել։ Ասում է՝ 4-5 հատոր գործի մասին խոսքը, մի քանի տասնյակ մարդիկ են հարցաքննվել, քննչական բազմաթիվ գործողություններ են եղել, երեխայի մայրը հստակ անուններ է նշել, բայց գործը կարճվել է առանց մեղադրյալների։ Իրենք բողոքարկել են, որ գործը վերաբացվի։

«Քրեական գործերում առկա է փորձագետի եզրակացություն, որով հաստատվում է այն հանգամանքը, որ երեխայի մոտ կա հետանցքի սեղմանի թուլություն, անբավարարություն առաջին աստիճանի, հետանցքի ձագարաձև ներհրվածություն, որոնք կարող են առաջանալ, ըստ փորձագետի եզրակացության, հետանցքից պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով։ Նման պայմաններում քրեական գործով չկան մեղադրյալներ, գործում նման փաստաթուղթ լինելու պարագայում քրեական գործը կարճվում է։ Այս գործը տարօրինակներից տարօրինակն է», - ասաց Անի Չատինյանը։

2016-2017-ին քրգործի կարճումից հետո, ըստ երևանաբնակ կնոջ, կոպեկներով վաճառել է տունն ու տեղափոխվել Երևանի այլ վարչական շրջան, որ երեխային փրկի ենթադրյալ այդ բռնարարներից, բայց փաստորեն դեպքը կրկնվել է տարեվերջին՝ նույն մարդկանց մասնակցությամբ։ Կինը պատմում է՝ ինքն ամանորյա գնումների էր գնացել՝ երեխային մոր հետ թողնելով, դրանից հետո է միայն երեխան մորը պատմել, որ իր հետ կատարվածին միշտ ներկա է եղել տատը։

Կնոջ շահերը ներկայացնող փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասում է՝ հետևողական է լինելու, որ հարուցված այս նոր քրեական գործը նույնպես չկարճվի։ Անհանգստացած է՝ տղամարդիկ, ում կասկածում է մայրն ու երեխան մատնացույց անում, դեռ ազատության մեջ են:

«Ի վերջո հարուցվեց արդեն քրեական գործ հունվարի կեսերին, սակայն այսօրվա դրությամբ դեռևս, իմ ունեցած տվյալներով, որևէ անձ չունի մեղադրյալի կարգավիճակ։ Քննությունը գնում է, ուղղակի խնդիրն այն հանգամանքի մեջ է, որ առերևույթ հանցագործություն կատարողները կարող են նաև դիմել փախուստի», - ասաց պաշտպանը։

Ինեսսա Պետրոսյանը երեխայի մոր հետ հերթական հեռախոսազրույցներից մեկի ընթացքում լսել է, թե ինչպես է երեխայի տատը հայհոյում ու բղավում դստեր ու թոռան վրա, հորդորել է զանգահարել ոստիկանություն, վերջիններս էլ տատին հեռացրել են բնակարանից։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլից է տեղեկացել դեպքի մասին, սեփական նախաձռնությամբ առանձնազրույց է ունեցել մոր ու երեխայի հետ, գրություն կուղարկի իրավապահներին, քննարկում են նաև, թե ինչ քայլեր ձեռնարկեն երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությունը վերականգնելու համար:

Օմբուդսմենը հորդորում է, որ նախ լրագրողները դեպքը լուսաբանելիս զգույշ լինեն, որ չտուժի երեխայի լավագույն շահն ու պնդում՝ մանրամասն քննություն պետք է տարվի, հատուկ սկզբունքներին համապատասխան, արագացված կարգով։

«Օրինակ՝ չդանդաղի քննությունն այնպես, որ հանկարծ ստիպված լինեն մի քանի անգամ երեխային նույն հարցերի շուրջ հարցաքննեն։ Դա կոչվում է կրկնակի զոհացում, երբ դու երեխային բերում ես մի հատ հարցաքննում ես, ենթադրենք, քո դիմումների պատճառով, ձգձգումների պատճառով մի հատ էլ է անհրաժեշտություն, ասենք պետք է մի հատ լրացուցիչ էլ հարցաքննություն։ Դրա համար երեխայի շփումն իրավապահ մարմնի հետ պետք է հասցվի մինիմումի», - նշեց Թաթոյանը։

Քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ դեպքի առթիվ հարուցվել քրեական գործ։

Անչափահաս տղայի մայրը հաղորդում է ներկայացրել կոմիտե, որ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին երեք անձինք իր որդուն սեռական բռնության են ենթարկել հենց իրենց բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում։

Երեխան ճանաչվել է տուժող, երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ:

Երեխան Քննչական կոմիտեում էլ է հայտնել, որ իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք կրկին սեռական հարաբերություն են ունեցել։ Որպես վկա հարցաքննված երեխայի տատը հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը: