Ստեփանավանի քաղաքապետի որդին դատարանի առջև է կանգնել 550 միլիոն դրամ հափշտակելու մեղադրանքով

Վանաձորի դատարանում լսվում է Ալբերտ Ղարաքեշիշյանի գործը։ 31-ը հունվարի, 2020թ.

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, դատարանի առաջ է կանգնել՝ Սոցիալական ծառայության ղեկավար եղած հինգ տարիներին 550 միլիոն դրամ հափշտակելու մեղադրանքով։

Ըստ մեղադրանքի, նրա ղեկավարած սոցիալական ծառայության աշխատակիցների և «Հայփոստ»-ի ծառայողների նախնական համաձայնությամբ, 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիների գիտության, կեղծ նպաստներ են ձևակերպել նրանց անուններով: Այնուհետև գումարները բաշխելու մասին կեղծ ցուցակներ են կազմել, ապա փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել այդ գումարները և խարդախության եղանակով հափշտակել ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված ավելի քան 550 միլիոն դրամը։

Այսօր Վանաձորում հերթական դատական նիստն էր, որտեղ որպես վկա հանցաքննում էին Սոցիալական ծառայության նախկին ղեկավար Ալբերտ Ղարաքեշիշյանի ենթակային՝ Հրաչյա Սուքիասյանին, ով անցած տարի արագացված դատաքննության ընթացքում ընդունել է մեղքն ու դատապարտվել չորս ու կես տարվա ազատազրկման, սակայն պատժի մի մասից ազատվել է՝ պայմանական, իսկ մյուս մասից՝ համաներմամբ։

Նա դատարանում հայտնեց, որ իրենց ղեկավարի և «Հայփոստ»-ի պատասխանատուների հետ նախնական համաձայնություն են ունեցել, որ կեղծ նպաստներից գոյացած գումարի 10 տոկոսի տերը «Հայփոստ»-ի աշխատակիցներն են, որոնք բաշխում են նպաստները, 30 տոկոսը գնացել է Սոցիալական ծառայության տեսուչներին, այդ թվում՝ իրեն, որոնք հավաքագրել են տեղեկություններն ու կեղծ նպաստներ ձևակերպել։ Իսկ առյուծի բաժինը՝ 60 տոկոսը, ստացել է Սոցիալական ծառայության ղեկավար, ամբաստանյալ Ալբերտ Ղարաքեշիշյանը։

Ի պատասխան դատավորի հարցին, թե կարող էիք անսահմանափակ քանակի կեղծ նպաստներ ձևակերպել, թե՞ ոչ, Սոցիալական ծառայության նախկին տեսուչ Հրաչյա Սուքիասյանը պատասխանեց, որ, ըստ իրենց պետի հետ համաձայնության, կար կեղծիքի որոշակի սահման, որից դուրս չէին կարող գալ։

«Համաձայնությունը կատարվել է բանավոր և «ազնիվ խոսքի» սկզբունքով։ Բոլորս պահել ենք մեր խոստումը», - ասաց Հրաչյա Սուքիասյանը։

Մեղադրող դատախազ Արթուր Պողոսյանը հարց ուղղեց. - «Ինչքա՞ն են եղել ձևական նպաստառուներ, թիվ կարո՞ք եք ասել... Եթե դուք գնում եք կոնկրետ փոստային բաժանմունք, էդ փոստատարը բաժանել ա համ իրական նպաստառուների նպաստները, համ ձևական նպաստառուների նպաստների գումարներն էլ իրա մոտ ա։ Դուք ինչպե՞ս էիք հսկում, որ փոստատարը ձեզ հենց էն գումարն ա տալիս, որը որ դուք ընդգրկել եք ձևական նպաստառուների ցուցակում։ Ո՞նց էիք հասկանում, որ փոստատարը ձեզ ճիշտ գումար ա տալիս»։

Սուքիասյանը պատասխանեց. - «Նախորդ ամսվա գումարը մենք ֆիքսված ունենք, որ ինչքան գումար ենք վերցրել։ Նույն կարգի գումար պետք ա լիներ, շատ տարբերություն չէր կարա լիներ»։

Հրաչյա Սուքիասյանը, որ ամբաստանյալ Ալբերտ Ղարաքեշիշյանի անմիջական ենթական է եղել, անցած տարվա ամռանը, իր մեղքն ընդունելուց և դատապարտվելուց հետո այսօրվա ամբաստանյալի հոր՝ Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից նշանակվել է Ստեփանավանի քաղաքապետարանի կոմունալ սպասարկման և բարեկարգման նպատակով ամիսներ առաջ ստեղծված համայնքային կազմակերպության տնօրեն։ Մամուլում տեսակետ շրջանառվեց, որ սրանով համայնքապետը վարձահատույց է եղել Հրաչյա Սուքիասյանին, մեղքի մեծ մասն իր վրա վերցնելու և որդու՝ Ալբերտ Ղարաքեշիշյանի հանցավորությունը նվազեցնելու համար։

Այսօր դատարանում Հրաչյա Սուքիասյանը պնդեց, թե իր նախկին ղեկավարը, ամբաստանյալ Ալբերտ Ղարաքեշիշյանը չէր կարող լիարժեք վերահսկողություն իրականացնել կեղծիքների նկատմամբ, քանի որ անգամ համակարգիչ չի ունեցել։ Վերջին երկու տարիներին նրան հատկացված համակարգիչն էլ միացված չի եղել տեղեկատվական բազային։ Ծառայության պետը միայն ստորագրել ու գաստատել է իրեն ներկայացրած գյությունները։

Ալբերտ Ղարաքեշիշյանի պաշտպանը շեշտեց, որ իր պաշտպանյալը ոչ թե դիտավորությամբ, այլ անզգուշությամբ է կատարել հանցանքը. - «Պարզվում է, որ Ալբերտ Ղարաքեշիշյանը տեխնիկապես և տեսականորեն և գործնականում համակարգչի բացակայության պայմաններում ի վիճակի էլ չէր լինի հսկողություն իրականցնել։ Ապա մենք գործ ունենք մի հանգամանքի հետ, իրավական մի փաստի հետ, որ Ալբերտ Ղարաքեշիշյանի կողմից կատարված արարքը ընդամենը անզգույշ հանցագործություն էմ այլ ոչ թե դիտավորյալ հանցագործություն»։

Թե՛ ամբաստանյալը և թե՛ նրա պաշտպանները հրաժարվեցին հարցազրույց տալ «Ազատությանը»։

Նշենք, որ Ալբերտ Ղարաքեշիշյանը վերականգնել է պետությանը պատճառված վնասի մի մասը։