2 ամսով կասեցվում է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ազատ ռեժիմը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Վաղվանից՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավիանյանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ Չինաստանից սկիզբ առած նոր կորոնավիրուսի պատճառով: Զոհերի թիվն արդեն հասել է 213-ի, վարակված են գրեթե 10 հազարը:

Կառավարությունը նախորդ տարվա մայիսի 23-ին էր հավանություն տվել Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: