Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանել է Ուկրաինա, իր իսկ խոսքով՝ ևս մեկ անգամ ընդգծելու Վաշինգտոնի աջակցությունը այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Ուկրաինային սատարելու հարցում մեր հանձնառությունն անսասան է», -հայտարարել է Մայք Փոմփեոն, հավելելով՝ մտադիր է Ուկրաինայի կառավարության հետ քննարկել երկու երկրների ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները:
Այցի առաջին իսկ ժամերին պետքարտուղարը հարգանքի տուրք է մատուցել այն զինվորների հիշատակին, որ զոհվել են երկրի արևելքում՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատական շրջաններում:
Ըստ պաշտոնական տվյալների, 2014-ից շարունակվող այդ հակամարտության հետևանքով արդեն ավելի քան 13.000 մարդ է զոհվել:
Ավելի վաղ՝ այս շաբաթասկզբին, Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի բռնակցման համար: