Մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրություն է անցկացրել ավելի քան չորս տարի մուտքի համար փակ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր վարչական շրջանում գտնվող Մերձավոր Արևելքի հայկական ամենամեծ՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու տարածքում և ուշագրավ փաստեր արձանագրել:
«Ակօս» պարբերականի փոխանցմամբ, շուրջ երկու շաբաթ առաջ Դիարբեքիրի ճարտարապետների պալատի ներկայացուցիչներից, ինժեներներից և քաղաքաշինարարներից, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի նախկին ղեկավարներից կազմված հանձնաժողովը հատուկ թույլտվությամբ հնարավորություն է ստացել շրջայց իրականացնել Սուրի չորս թաղամասերում:
Տարածքի ուսումնասիրությունից հետո հրապարակված զեկույցի համաձայն, շուրջ 49 շենք հիմնովին քանդված է,դրանց փոխարեն նախատեսվում է քաղաքի դիմագծին անհամապատասխան նորաոճ շենքեր կառուցել: Որոշ փողոցների անհարկի լայնացման համար քանդվել են շրջակա շինությունները, այդ թվում՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու բակային հատվածի պատը: Մտահոգիչ հանգամանքներ են նաև տարածքում հայտնաբերված փորվածքները, որոնք վկայում են, որ այնտեղ գանձախույզներ են աշխատել՝ վնասելով մի շարք կառույցներ: Այնինչ այս շրջանը մի քանի տարի է, ինչ փակ է այցելուների համար:
Զեկույցի մեջ նշվում է՝ արբանյակից արված լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ Սուր վարչական շրջանի կառույցները մեծապես տուժել են ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանցից հետո շինտեխնիկայի աշխատանքի պատճառով: Հանձնաժողովը պատկան մարմիններին կոչ է արել շուտափույթ քայլեր ձեռնարկել հետագա ավերածությունները կանխելու համար:
Սուր շրջանի պատմական կառույցները զգալիորեն տուժել էին շուրջ 5 տարի առաջ թուրքական ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումների ժամանակ: Դրանց մի մասը վերականգնվել էր պետական աջակցությամբ, սակայն հայկական Սուրբ Կիրակոս և քաղդեական Մառ Պետյուն եկեղեցիների վերանորոգումը հնարավոր չէր եղել համայնքային հիմնադրամների միջոցների սղության պատճառով: Անցած տարի Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը որոշել էր ֆինանսավորել այդ երկու եկեղեցիների վերակառուցումը:
2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և մի շարք բարերարների ջանքերով սկսվել էին Սուրբ Կիրակոսի վերանորոգման աշխատանքները, և 2011-ի վերջին այն կրկին բացվել էր հավատացյալների համար: Այժմ Սուր վարչական շրջանում վերակառուցման աշխատանքներ են ընթանում, որոնք նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։