Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ Չինաստանից սկիզբ առած նոր կորոնավիրուսի պատճառով: Զոհերի թիվն արդեն հասել է 213-ի, վարակված են գրեթե 10 հազարը:
«Մեզ համար ամենամեծ մտահոգությունը վիրուսի տարածման հնարավորությունն է թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներում, որոնք վատ են պատրաստված դրա դեմ պայքարելու համար», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Միևնույն ժամանակ նա նաև նշել է, որ դեռ չկա հիմնավոր պատճառ միջազգային ուղևորությունների և առևտրի սահմանափակման համար:
Երեկ Ռուսաստանը փակեց իր սահմանը Չինաստանի հետ Հեռավոր Արևելքում: Նախորդ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ը սկսեց օդանավակայաններում զննել Չինաստանից ժամանած ռուսաստանցի բոլոր զբոսաշրջիկներին: Ռուսաստանի համալսարաններում չինացի ուսանողների համար արձակուրդը կերկարաձգվի մինչև մարտի 1-ը:
Ավելի վաղ Չինաստանի հետ սահմանները փակել էին Մոնղոլիան և Ղրղըզստանը: Հունվարի 29-ից Ղազախստանը դադարեցրել է ավտոբուսային երթևեկությունը Չինաստանի հետ, փետրվարի 1-ից կդադարեցնի ուղևորատար գնացքների երթևեկությունը, իսկ փետրվարի 3-ից՝ կանոնավոր ավիաչվերթները: