ԵԽԽՎ-ն ընդունեց Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավորի զեկույցը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այսօրվա նիստում ընդունվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրի զեկույցը: Կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 28-ը:

«Այլևս չի կարող որևէ կասկած լինել, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիրներ ունի և այդ խնդինները կառուցվածքային ու սիստեմատիկ բնույթ են կրում», - Նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Մինչ քվեարկությունը մերժվեցին զեկույցի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած փոփոխությունները: Իսկ քննարկումները մասամբ վերածվեցին նաև Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների փոխադարձ մեղադրանքների, միմյանց երկրների նկատմամբ բացասական գնահատականների:

Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում նշեց, որ զեկույցն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ամբողջովին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները, բայց չնայած Փարիզում ավելի վաղ կայացած իրավական հարցերով հանձնաժողովի նիստում Ադրբեջանի պատվիրակության հավաստիացումներին, բոլոր քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել, ընդդիմադիր գործիչները հնարավորություն չունեն թեկնածու առաջադրվել Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ «Իրական փոփոխություններ չկան, փոփոխությունների իմիտացիա է արվել», - ասաց Վարդանյանը։

Սահիբա Գաֆարովան ասաց, որ Ադրբեջանում բանտարկված են արմատական խմբավորումների, կրոնական ծայրահեղ կազմակերպությունների անդամներ, որոնց չի կարելի քաղբանտարկյալ համարել: «Գյանջայում արմատական, անօրինական, կրոնական, ահաբեկչական խմբավորումների փորձերը՝ խարխլելու երկրի կայունությունը, կանխվել են», -ասել է Գաֆարովան:

Ասիմ Մոլազադեն ասաց, թե Հայաստանի նախկին իշխանությունների կեսը բանտում է. «Ի՞նչ է նրանք քաղբանտարկյա՞լ չեն»։

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը զեկույցի հեղինակին մեղադրեց կողմնակալության, ՄԻԵԴ-ի վճիռները կամայական մեկնաբանելու, փետրվարին կայանալիք խորհրդարական ընտրություններին միջամտելու, ընտրությունների ժողովրդավարությունը նախապես կասկածի տակ դնելու մեջ:

«Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության պնդումները ծանր մեղադրանք է: Մենք երբեք դա չենք ընդունի», - հայտարարեց Սեյիդովը:

Հայաստանից Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով նախկին զեկույցը ԵԽԽՎ-ում չընդունվեց Բաքվի «խավիարային քաղաքականության և լվացքատան» կոռուպցիոն գործարքների ու կաշառքների միջոցով: Նա հնչեցրեց ԵԽԽՎ-ի նախկին ղեկավարների, պատգամավորների անունները, որոնք մեղադրվում էին այդ գործով:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց ադրբեջանցիների դժգոհությանը, բողոքներին, թե ինչու են տվյալ հարցով ելույթ ունենում Հայաստանի պատվիրակության անդամները: Մարուքյանն ասաց, թե մտահոգված են հարևան երկրի իրավիճակով: «Մենք կայուն, կանխատեսելի, ժողովրդավարական հարևանի կարիք ունենք», - ասաց Մարուքյանը:

Զեկույցի հեղինակ Սուննա Էվարսդոտտիրը իր կարճ խոսքում պատասխանեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մեղադրանքներին, թե զեկույցը միջամտություն է Ադրբեջանի ընտրություններին:

«Ոչ, միջամտությունն այն է, որ ընդդիմադիր գործիչները հնարավորություն չունեն մասնակցելու ընտրություններին», - ասաց նա՝ ընդգծելով, - «Հիմա ես հասկացա, թե ինչու Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան: Դուք քննադատություն չեք ընդունում»:

Սուննա Էվարսդոտտիրը ասել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների չլուծված խնդիրը ռիսկի տակ է դնում Եվրախորհրդին Ադրբեջանի անդամակցությունը: «Մեզանից ոչ մեկը դա չի ցանկանում: Ադրբեջանն իր տեղն ունի Եվրոպայի խորհրդում, բայց այդ երկիրը պետք է հարգանքով վերաբերի իր ստանձնած պարտավորություններին», - նշել է նա:

Ադրբեջանական տեղական իրավապաշտպան խմբերի կազմած ցուցակների համաձայն, երկրում 120-ից 160 քաղբանտարկյալ կա: